Անձնական տեսակետը հանրայնացնելու համար ազատվել են աշխատանքից
Ամուլսարի շահագործման շուրջ խժդժոցը, թվում է, ավարտված է, աղմկոտ ակցիաներ չկան, սակայն Կառավարության շենքում այս թեման դեռ կրքեր է բորբոքում՝ ընդհուպ այն աստիճան, որ սեփական տեսակետը հանրայնացրած որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրից:
Ըստ մեր աղբյուրի՝ այս «թեմատիկ ազատումներով» հեռացվել է թվով 7 աշխատակից: Պատճառը եղել է այն, որ այս երիտասարդներն իրենց ֆեյսբուքյան էջերի լուսանկարների վրա փակցրել են «Ո՛չ Ամուլսարին» կարգախոսը: Եվ սա այնքան էական է համարվել ղեկավարության համար, որ հապճեպ մեծ ժողով է հրավիրվել բաժնում, ասվել է, որ վերադասի ցուցումով նախազգուշական նկատողություններ են տրվում: Օրեր անց «վերակառուցման» անվան տակ այս աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:
Եվ այս ազատումները հատկապես ուշագրավ են այն ֆոնին, որ կարծիք հայտնած անձինք բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, հանրային դեմքեր չեն, և հետևաբար՝ նրանց ազատ խոսքն ամենևին էլ կողմնորոշիչ ազդակ չէր կարող լինել վարչապետ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցով շրջադարձային փոփոխության ենթարկված տեսակետին սպասող ակտիվիստների կամ լրագրողների համար:
Խոսքը կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որի ղեկավարը հեղափոխությունից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի քայլարշավն «Ազատություն» ռադիոկայանից ամենաշատը լուսաբանած Հովհաննես Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ն ունի երկու գործառույթ՝ վարչապետին ամեն օր և ամեն ժամ տեղեկացնել երկրում և մեր սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին, գեներացնել քաղաքական տարբեր ուժերի կարծիքները և փոխանցել Փաշինյանին:
Իսկ իրականում, ըստ տարածված տեղեկությունների, այս ՊՈԱԿ-ի գլխավոր գործառույթն իշխանական լրատվամիջոցներում ու սոցցանցում իշխանության ու որոշ իշխանավորների շուրջ հանրային դրական կարծիք ձևավորելն է՝ այնպես, որ հեղափոխական էյֆորիան հանկարծ չխամրի: Ինչպես նաև ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերի դեմ Ֆեյսբուքում և այլ հանրային հարթակներում, ԶԼՄ-ներում բացասական հրապարակումներ, կարծիքներ շրջանառելը։
Իսկ դրա համար կառավարությունը 500 մլն դրամ բյուջե ունեցող այս ՊՈԱԿ-ին զինել է լրացուցիչ ահռելի ռեսուրսներով՝ հատկացված են ծառայողական շքեղ մեքենաներ, բենզինի կտրոններ, պահուստային ֆոնդից լրացուցիչ հսկայական ֆինանսական միջոցներ, 4 տարբեր վայրերում շենքային խիստ հարմարավետ պայմաններ, ժամանակակից տեխնիկա, թվով 145 հոգի պաշտոնապես գրանցված աշխատակազմ, ինչպես նաև հանրության շրջանում ճանաչում ունեցող քաղաքական մեկնաբաններ ու լրագրողներ, որոնց գործառույթն ըստ էության ոչ միայն՝ իշխանությունների համար նպաստավոր և ընդդիմությանը քննադատող տեսակետների, գրառումների շրջանառումն է, այլև ֆեյքերի՝ կեղծ օգտատերերի դարբնոց պահելը:
Սյուզի Բադոյան