Հայկական շախմատը կարևոր հանգրվանում է
Այս տարի Հայաստանի պատանի շախմատիստները բացառիկ նվաճման հասան։ Մինչև 18 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալները։ Կարճ ժամանակ անց, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը դարձան արծաթե և բրոնզե մրցանակակիրներ։
Այսպիսով, պատանեկան շախմատի 2 ուժեղագույն մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 6 մեդալներից 4-ը։ Սա փայլուն արդյունք է փոքր երկրի համար։ Ի դեպ, նախորդ տարիներին այս մրցաշարերում փայլուն են հանդես եկել ևս երկու հայ շախմատիստներ։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Հայաստանն ունի 5 ուժեղագույն շախմատիստ, ովքեր փայլել են պատանեկան շախմատում և արդեն մուտք են գործում մեծերի շախմատ։ Իմ կարծիքով՝ այս փայլուն սերունդը ձևավորվեց այն տարիներին, երբ Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ օլիմպիական և աշխարհի չեմպիոն։ Երկրում առկա ոգևորությունն այնքան մեծ էր, որ շատերն իրենց երեխաներին ուղարկեցին շախմատի դպրոցներ։ Եվ հենց այդ ոգևորության ալիքի շնորհիվ՝ այսօր ունենք այս հիանալի նոր սերունդը։
Սակայն հայկական շախմատում մի խնդիր կա։ Պատանեկան մրցաշարերում բարձրագույն նվաճումների հասած շախմատիստները չեն կարողանում դառնալ բարձրակարգ գրոսմայստերներ։ Հիմա ունենք հերթական հնարավորությունը։ Պատանեկան շախմատի մարզիչ-մասնագետներն իրենց գործը փայլուն են կատարել։ Հիմա հերթը կառավարությանն է։ Անհրաժեշտ է 2 կարևոր քայլ կատարել։ Այս տաղանդավոր պատանիների հետ պետք է աշխատեն աշխարհի լավագույն մարզիչները։ Եվ այս հարցում չպետք է գումար խնայել։ Եթե ժամանակին Լևոն Արոնյանի և այլ շախմատիստների համար էլ հրավիրվեին աշխարհի լավագույն մարզիչները, գուցե նրանց արդյունքներն էլ ավելի լավը լինեին, իսկ Լևոն Արոնյանը, հնարավոր է, դառնար նաև աշխարհի չեմպիոն։
Երկրորդ, այս պատանիներին պետք է ֆինանսավորել, որպեսզի նրանք կարողանան մասնակցել աշխարհի լավագույն մրցաշարերին։ Տարածական առումով Հայաստանը բավականաչափ հեռու է աշխարհի շախմատային կենտրոններից, և շախմատիստներին մեծ գումարներ են անհրաժեշտ մրցաշարերին մեկնելու համար։ Եթե այս հարցում չլինի աջակցության հստակ քաղաքականություն, ապա հնարավոր է՝ մեր պատանի շախմատիստները չկարողանան զարգացնել իրենց տաղանդը։ Նման դեպքերում շախմատիստները կարող են ցածրակարգ մրցաշարերին մասնակցելու միջոցով գումար վաստակելու գործով զբաղվել, ինչը կբերի նրանց հետընթացին։
Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հասնել շատ ավելի մեծ արդյունքների, եթե լինի պետական աջակցություն։ Դա մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում։ Իհարկե, շատ լավ է, որ Հայաստանի գրոսմայստերներն ամսական ստանում են փոքր աշխատավարձ, բայց դա բավարար չէ։ Բացի այդ, շախմատը մարզաձևերի շարքում, թերևս, ամենաէժաններից մեկն է։ Այստեղ ենթակառուցվածքներ կամ մեծ թիմեր ֆինանսավորելու անհրաժեշտություն չկա, ինչը Հայաստանի համար լավ տարբերակ է։
Աշխարհի շատ երկրներ, հատկապես՝ ԱՄՆ-ը, վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարում շախմատի ուղղությամբ։ Օրինակ՝ ամերիկյան համալսարաններն անվճար կրթություն ստանալու հնարավորություն են տալիս տաղանդավոր շախմատիստներին։ Հենց այդ ծրագրի շրջանակներում էլ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Հակոբյանն այս տարի ընդունվել է ԱՄՆ համալսարաններից մեկը, որում աշխատում է հանրահայտ Պոլգար քույրերից մեկը։ Իհարկե, սա շատ լավ հնարավորություն է։ Բայց նաև այս ձևով մենք կարող ենք դառնալ այլ երկրներին տաղանդներ առաքող երկիր։
Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր երկրում չկան տաղանդներին պահող, խրախուսող մեխանիզմներ։ Եվ ստացվում է, որ մեր կրթական համակարգի աշխատանքի պտուղները քաղում են այլ երկրներ։
Այսպիսով, հայկական շախմատում ունենք պատմական պահ։ 5 տաղանդավոր երիտասարդներ, ովքեր մարզիչների ծանր աշխատանքի արդյունքում նվաճել են բազմաթիվ տիտղոսներ և ունեն հսկայական ներուժ, արդեն լուրջ հայտ են ներկայացնում մեծերի շախմատում։ Եթե կարողանանք այս 5 երիտասարդների համար ստեղծել լավագույն պայմանները, ապա մեծ է հավանականությունը, որ նրանցից 1-2-ը կարող են դառնալ Տիգրան Պետրոսյանի, Լևոն Արոնյանի մակարդակի շախմատիստներ։ Նրանք գտնվում են մի հանգրվանում, երբ միայն տաղանդով չեն կարող առաջ գնալ, քանի որ նրանց հետ մրցակցում են աշխարհի հզորագույն ու բարեկեցիկ երկրների շախմատիստները, որոնց ֆինանսական հնարավորություններն անհամեմատելի են մեզ հետ։ Եվ սա այն հարցն է, որում պետք չէ մտածել գումարներ խնայելու մասին։ Մարդկային տաղանդի զարգացման համար կատարվող ցանկացած ծախս ներդրում է, որը ժամանակի ընթացքում տարբեր ձևերով հետ է բերում ներդրված գումարները։
Հուսանք, որ այս անգամ կգիտակցենք, որ միլիոններ կարելի է ծախսել ոչ միայն՝ մեկանգամյա միջոցառումների, այլև՝ մարդկային տաղանդի զարգացման համար։ Շախմատի ոլորտում մեզ պետք են նոր հաջողություններ, որպեսզի երկրում լինի ոգևորություն, որպեսզի ծնողներն իրենց երեխաներին ուղարկեն շախմատի դպրոցներ։