«Եթե հայ-ռուսական գազային բանակցությունները չլինեին, Փաշինյանը Ռուսաստանի ուղղությամբ ավելի կտրուկ կգործեր». Կորոտչենկո
«Հայաստանում բացասական միտումներ են նկատվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մարտունակության կրկնապատկմանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատարը զեկուցել էր իր վերադաս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այցելել էր բազա։ Հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել էր, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Նշենք, որ ռազմաբազան Հայաստանում ծառայություն է իրականացնում միջպետական պայմանագրով՝ մինչև 2044 թվականը։ Այն մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մեջ՝ հայկական բանակի զորամիավորումներից մեկի հետ։
Բազան զինված է «Սմերչ» հրթիռային համակարգերով, տանկերով, այլ զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության սպառազինությամբ։ Դրա կազմի մեջ է մտնում է նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն խումբը՝ կործանիչ ինքնաթիռներով ու հարվածային ուղղաթիռներով։
Կորոտչենկոն նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներուժը կրկնապատկվում է սպառազինության վերահագեցման շնորհիվ: Նրա խոսքով՝ դա պլանային գործընթաց է ՌԴ ԶՈՒ-ում:
«Ներկայումս ակտիվորեն ստացվում է նոր ռազմական տեխնիկա, իսկ նոր տեխնիկա նշանակում է՝ նոր հնարավորություններ, բարձր ճշգրտության սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, նոր հարվածային զենքեր և, բնականաբար, երբ տեղի ունենա ՌԴ ռազմաբազայում սպառազինության փոփոխություն, նոր սպառազինությունն էական հնարավորություններ կտա: Այդ իմաստով՝ խոսքն այն մասին չէ, որ մենք ավելացնում ենք կոնտինգենտը Գյումրիում, կամ ավելանում են հավելյալ ռազմական բաղադրիչներ: Խոսքն այն մասին է, որ հաստիքակազմը կստանա նոր սպառազինություն, որի շնորհիվ մեծանում են ռազմական հնարավորությունները: Բայց դրանից, կշահի ՀՀ անվտանգությունը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ռազմական անվտանգության հարցերը չափազանց կարևոր են Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար: Իսկ Ռուսաստանի համար կարևոր է ունենալ բազա, այդ թվում՝ հակազդելու համար Վրաստանի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին, ուստի այստեղ փոխադարձ հետաքրքրությունն այն է, որ ռազմաբազան առանց խնդրի գործի, դա կարևոր է Ռուսաստանի և Հայաստանի համար հավասարապես»,- ասաց Կորոտչենկոն՝ վստահեցնելով, որ սա պլանային գործողություն է, և Ռուսաստանը չի ամրապնդում իր ռազմական ներկայությունը Հայաստանում:
Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան առանձին գործիչներ, որոնք իրենց դիրքորոշումներով տրամադրված են սահմանափակել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ և նույնիսկ գուցե հետզհետե փակել ՀՀ-ում ռուսական ռազմական բազան:
«Կարծում եմ, որ ՀՀ հասարակական կարծիքը հանդես կգա նման ցանկացած փորձի դեմ, և այդ իմաստով՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր տրամադրված են ՀՀ-ում ռուսական ներկայության դեմ, ստիպված են հաշվի նստել հայաստանյան հասարակական տրամադրությունների հետ: Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանի շրջապատում որոշ առանցքային դիրքերում առաջադրված են մարդիկ, որոնք վերապատրաստումներ են անցել սորոսական ծրագրերով: Դա վատ է, արևմտյան հայացքները, որոնք կան Փաշինյանի շրջապատում՝ վատ են և՛ Ռուսաստանի, և՛ հենց Հայաստանի շահերի տեսանկյունից: Ես չեմ ցանկանում նաև ստվեր գցել Փաշինյանի քաղաքականության վրա, մենք դրա մասին դատողություններ ենք անելու՝ իրական քայլերից ելնելով: Բայց նախկինում ևս նշել եմ, որ Ռուսաստանում լարվածություն են առաջացնում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները: Ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու փոխարեն՝ զբաղվում է վհուկների որսով: Հայաստանի հեղինակության համար վատ է, որ նախկին նախագահը կալանքի տակ է, վատ է, որ փորձում են ՍԴ նախագահին ձերբակալել, վատ է, որ սկսվում է ուժայինների «մաքրում», վատ է, երբ հեղինակավոր հարգարժան հայ գեներալներին բանտարկում են, վատ է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարին ևս ցանկանում են ազատազրկման ենթարկել, քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդարը վատ է»,- նման կարծիք հայտնեց Կորոտչենկոն:
Անկախ ամեն ինչից, նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը շարունակի լինել ՌԴ ռազմավարական գործընկերը, ուստի աշխատանքը բարձր մակարդակով շարունակվում է:
«Այսօր Փաշինյանն է իշխանության, աշխատելու են Փաշինյանի հետ, որպեսզի հարաբերություններում գոնե դրական դինամիկա լինի»,- ասաց վերլուծաբանը:
Իգոր Կորոտչենկոն այն կարծիքին է, որ Փաշինյանը գտնվում է մի այնպիսի վիճակում, երբ նա պետք է փորձի ցույց տալ արագ արդյունքներ:
«Ինձ թվում է, որ, եթե նա չփորձեր Ռուսաստանի հետ պայմանավորվել գազի փոխընդունելի գների շուրջ, նա կգործեր ավելի կտրուկ դիրքորոշմամբ Ռուսաստանի ուղղությամբ: Իսկ քանի դեռ նա վարում է բանակցություններ Ռուսաստանի հետ գազի գնի զեղչեր ստանալու համար, այս պայմաններում նա ստիպված է զսպել իր շրջապատին կտրուկ հակառուսական քայլերից: Հնարավոր է, որ, եթե չհաջողվի պայմանավորվել զեղչի շուրջ, կամ՝ եթե այդ զեղչերը չլինեն այնպիսին, ինչպիսին Փաշինյանն է ակնկալում, մենք տեսնենք հակառուսական հռետորաբանության խորացում»,- ասաց վերլուծաբանը:
Նա գտնում է, որ այս հարցով հայ-ռուսական բանակցությունները կրում են քաղաքական բնույթ և ոչ տնտեսական: Նրա համոզմամբ՝ գուցե, եթե չլիներ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրգործը, Փաշինյանի դիրքերը Ռուսաստանի հետ գազային բանակցություններում ավելի հաջող կլինեին:
«Սրանք ամեն դեպքում քաղաքական բանակցություններ են: Մենք հիանալի կերպով հասկանում ենք, որ դրանք քաղաքական հարցեր են: Որպեսզի Փաշինյանի դիրքերն ավելի հաջող լինեն, նա պետք է հրաժարվի նախկինների դեմ ճնշումներից: Սա իմ անձնական կարծիքն է, մենք չենք միջամտում, մենք քննարկում ենք, թե այդ գործընթացները որքանով են համապատասխանում ժողովրդավարական արժեքներին, իրավական պետությանը հատուկ չափանիշերին, իշխանությունների տարանջատման սկզբունքին, իսկ այստեղ ստացվում է՝ ՍԴ նախագահին ու ԱԺ նախկին նախագահին պատրաստվում են բանտ ուղարկել, դա, մեղմ ասած, դառնում է վատ միտում Հայաստանում»,- ասաց Կորոտչենկոն: