Բաժիններ՝

Զորավարժանքներից խուսափելու դեպքում տուգանքի չափը կավելանա. կոռուպցիոն ի՞նչ ռիսկեր կան

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում չներկայացածների համար վարչական պատասխանատվություն էր նախատեսված՝ վարչական տուգանք՝ 20.000 դրամի չափով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

«Հանրապետության մասշտաբով հոկտեմբերի 5-ին ավարտում ենք զորավարժությունները, բոլոր տեղերից մենք ինֆորմացիան պիտի ստանանք, թե Սիսիանում, Իջևանում, Նոյեմբերյանում, ՀՀ բոլոր մարզերում որքան մարդ է խուսափել: Երբ վերջնական ամփոփենք, մենք այդ թիվը կտրամադրենք: Բայց կարող եմ ասել, որ շատ մեծ քանակություն չի: Իսկ տուգանքի չափը, կրկնում եմ` կոնկրետ 20.000 դրամ է»,- նշել էր նա:

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 8-ին հրավիրած ասուլիսում, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնեց, որ պահեստազորի հավաքին չներկայացածների թիվը 1-2 տոկոս է կազմում:

Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա սոցիալական ցանցերում արձագանքները տարբեր էին, ոմանք պնդում էին, որ 20.000 դրամ տուգանքը քիչ է:

Այժմ,  ինչպես գրում է «Ժամանակ» թերթը,  ՀՀ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ», որով զինվորական վարժանքներից խուսափելու և զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառի զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու դեպքում տվյալ անձը կպատժվի 30.000 դրամ տուգանքով, իսկ եթե նույն արարքը կրկնվում է մեկ ամսվա ընթացքում, տուգանքի չափը կդառնա 50.000 դրամ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը սա դրական քայլ համարեց:

«Ես կողմ եմ դրան»,- շեշտեց նա՝ վկայակոչելով արագաչափերի օրինակը, թե՝ երբ մարդու գրպանին խփում են, նա խուսափում է օրենք խախտել:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի վերաբերմունքը օրենսդրական վերը նշված նախագծի վերաբերյալ միանշանակ չէ:

«Մի կողմից՝ ճիշտ է, որ խուսափողները պետք է ինչ-որ ձևով պատասխանատվության ենթարկվեն, բայց սա այն գումարի չափն է՝ 30.000, 50.000, որից պարզ է դառնում, որ փողատերերի երեխաները չեն գնա ընդհանրապես, քանի որ դա իրենց համար մեծ գումար չէ՝ կվճարեն և չեն գնա: Ստացվում է, որ բեռն ընկնում է սոցիալապես անապահով և խոցելի խավերի վրա: Պատկերացրեք՝ օրավճարով աշխատող մարդ է, պետք է ինքը գործից կտրվի, ընտանիքը պահելու հարց կա: Այսինքն՝ օրավարձով ընտանիք է պահում և մի հատ էլ պիտի տուգանք տա: Չգիտեմ, վերաբերմունքս միանշանակ չէ»,- ընդգծեց նա:

Եղիազարյանի կարծիքով՝ սա մեծացնում է կոռուպցիոն ռիսկը:

«Ցանկացած զինկոմիսարիատում հաշվառված է իքս թվով պահեստազորային՝ և՛ շարքային, և՛ սպա, հիմա որտե՞ղ է երաշխիքը, թե քանի հոգու պետք է կանչեն և քանիսին են կանչում: Ասենք՝ տվյալ զորահավաքի համար տվյալ զինկոմիսարիատից պետք է 100 մարդ զորակոչեն, կարող են 200 հոգուն հայտ ուղարկել, կանչել զինկոմիսարիատ, որոնցից 100-ից կարելի է նույնիսկ 30.000 դրամից էլ պակաս գումար վերցնել և դրանով ազատել՝ ասելով, թե իբր կանչել են, բայց չկանչեն: Իրականում պահանջը չկար, բայց ավել մարդ են կանչում և փող են աշխատում: Սա՝ անօրինական կամ կոռուպցիոն ճանապարհով:

Մյուս կողմից՝ կարող են պլան կատարել և բյուջեն լցնել, բայց ինչպես ասացի՝ հարուստները հաճույքով կբերեն, կտան ու օրինական կազատվեն, իսկ բեռը կմնա էլի այն մարդկանց վրա, որոնց համար դա խնդիր է: Այստեղ պետությունը պետք է այդ մոտեցումով շարժվի՝ միաժամանակ փոխհատուցում տալով օրավարձով աշխատող ցածր շերտերի մարդկանց: Ասածս այն է, որ նման մեխանիզմների ներդրման դեպքում շատ բան պետք է հաշվի առնվի, որպեսզի դժգոհության ալիք չլինի: Մարդը պետք է հասկանա՝ ծառայում է իր երկրին, և դրանից իր ընտանիքը չի տուժում»,- եզրափակեց ռազմական փորձագետը:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս