Փորձել են ՊՆ-ին մարտական պայմաններում խնդիրներ առաջացնող սարք  մատակարարել. «Օրսիսի» հետքերով

Ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերության մասնակցած՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանմանը, որոշ մանրամասներ հայտնեց:

«Ըստ իմ որոշ տվյալների՝ ՊՆ նախկին որոշ զինվորականներ, որոնք ժամանակին Հայաստանում բացել են ռուսական «ՕՐՍԻՍ» ընկերության մասնաճյուղը, փորձել են իրականությունը խեղաթյուրող փաստաթղթերի ձևակերպմամբ ՀՀ ՊՆ-ին մատակարարել մեծաքանակ գիշերային նշանոցներ, իսկ հետո էլ մրցույթի համար կեղծ տվյալներ են գրել: Խոսքը հենց Dedal NV Venator սարքի մասին է: Այս սարքը, մասնագետների պնդմամբ, ընդամենը միջին որակի որսորդական սարք է, որը չի կարելի օգտագործել մարտական պայմաններում:

Սարքն ունի լազերային հեռաչափ, որը քաղաքացիական նշանակության համար է նախատեսված, դրա օգտագործումը ռազմական նշանակության համար արգելվում է: Սարքավորումը ռազմական նշանակությամբ օգտագործելու դեպքում՝ հակառակորդը կարող է հայտնաբերել զինվորին, և զինվորը կդառնա թիրախ:

Փաստացի մարտական պայմանների համար այն ոչ հուսալի մի սարք է, որը մարտական պայմաններում լուրջ խնդիրներ է առաջացնում, խոցելի է անձրևի, ձյան, կեղտի և փոշու պայմաններում, մարտական խնդիրներ լուծելու առումով ունի խիստ սահմանափակ պիտանելիություն: Եվ այս որսորդական սիրողական սարքը փորձել են ներկայացնել՝ որպես մարտական, և սա պատմության մեջ միակ խնդիրը չէ։

Այս սարքը, ինչպես երևում է գնման կտրոնից, ՌԴ-ի խանութում բաց վաճառքում է, և գինը 330.000 ռուբլի է, որից 55.000 ռուբլին ԱԱՀ-ն է, այսինքն՝ հարկը։ Ըստ այդմ՝ պետական կառույցների գնման դեպքում դրա արժեքը՝ առանց ԱԱՀ-ի, 275.000 ռուբլի է: Քանի որ մեր ուժայինները ՌԴ արտադրողներից ուղիղ գնումների իրավունք ունեն, ունեն նաև այլ արտոնություններ, ստացվում է՝ եթե այս սարքը մեր ՊՆ-ն գներ, պետք է հատը գներ գոնե 2.000.000 դրամի սահմաններում, ընդ որում՝ եթե գներ մեկ հատ։ Իրականում, սակայն, քանի որ նախատեսված է եղել մի քանի հարյուր հատ, ապա տրամաբանական է ակնկալել գոնե 15-20 տոկոս զեղչ, նույնիսկ՝ տրանսպորտային փոխադրումների ծախսերն էլ հաշված: Եվ այս պայմաններում սիրողական այս սարքը ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հատը 3.100.000 դրամով, իսկ գործարքի ընդհանուր գինը սահմանվել է մոտ 1.9 մլրդ դրամ»,- նշեց Հակոբյանը:

Ըստ նրա՝ սա ուղիղ հարված է մեր անվտանգությանը, ընդ որում՝ այն հասցվում է բացառապես միայն նեղ, անձնական շահերից ելնելով՝ նախկին զինվորականների կողմից։

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «ORSIS ARMS»-ում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետներ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներն այս խնդրով զբաղվում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ «Oրսիսի» հետ կապված այս թեման, տարատեսակ անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառով, ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց:

«Այն հայտարարությունը, որ քրեական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում: Եվ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման նույն անանուն աղբյուրներով և անհասկանալի բացատրություններով: Քանի դեռ գնում է իրավական որոշակի գործընթաց, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է եղել, և ինչ հանգուցալուծում և պաշտոնական դիրքորոշումներ կան: Պարզապես կասեմ, որ այս պահին ևս նույն տեղեկությունը հայտնողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ «Oրսիսի» մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունն այս պահին իրավական տարբեր գործիքներ ներկայացնող կառույցներ են, և վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում: Բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները»,- ասել էր նա:

Իր հերթին՝ 168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ակնարկել էր, որ «Օրսիսի» գործի շրջանակում անդրադարձ կլինի նաև բանակին մատակարարված փամփուշտների գնին:

Իսկ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից մեզ ասել էին. «Ինչ-որ պահի տենդերային գործընթացը դարձավ ոչ թափանցիկ: Մեզ համար կատեգորիկ անհասկանալի է վճարման պահանջը՝ որպես բանկային երաշխիք, ինչպես նաև՝ արձանագրությունների թաքցնելը, ուղիղ կապի դուրս չգալու և թափանցիկ երկխոսություն չվարելու ցանկության բացակայությունը, պաշտոնական հարցումների և նամակների անտեսումը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել է, նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընկերությանը «սև ցուցակում» ընդգրկելու համար, իսկ ORSIS ընկերությունից էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս