««Oրսիսի» հետ կապված թեման անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառով ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց». Արծրուն Հովհաննիսյան
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հրապարակմանը, թե Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել ստեղծված իրավիճակը:
«Ցավոք, «Oրսիսի» հետ կապված այս թեման, տարատեսակ անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառով, ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց: Եվ այն հայտարարությունը, որ քրեական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում: Եվ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման նույն անանուն աղբյուրներով և անհասկանալի բացատրություններով: Քանի դեռ գնում է իրավական որոշակի գործընթաց, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է եղել, և ինչ հանգուցալուծում և պաշտոնական դիրքորոշումներ կան: Պարզապես կասեմ, որ այս պահին ևս նույն տեղեկությունը հայտնողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ «Oրսիսի» մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունն այս պահին իրավական տարբեր գործիքներ ներկայացնող կառույցներ են, և վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում: Բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ) պաշտոնական պարզաբանում է փոխանցել «168 Ժամին» և հրապարակել պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ) դատի չեն տվել:
«Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի» գործակալության տարածած տեղեկության` հայտնում ենք, որ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին: Միաժամանակ, ընկերությունը ստեղծված իրավիճակի հետ կապված հույս է հայտնում, որ ՀՀ քննչական կոմիտեն հնարավոր ամեն ինչ կանի հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն` անկախ պաշտոնից ու աստիճանից: Ընկերությունը հույս է տածում նաև, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները կվերականգնվեն»,- ասվում էր պարզաբանման մեջ։
Իսկ մոտ 10 օր առաջ Քննչական կոմիտեում միլիոնավոր դոլարների զենքի վաճառքի մրցույթի չեղարկման գործով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել էր ռուսական ORSIS ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովը:
3,5 ժամ տևած հարցաքննությանը մասնակցելու խնդրանքով ՔԿ-ին դիմել էր ինքը՝ Ամիրովը: Դեռ 20 օր առաջ նա դիմել էր Քննչական կոմիտեի նախագահին՝ խնդրելով իրեն հրավիրել հարցաքննության ORSIS-Պաշտպանության նախարարություն քրգործով:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։
Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել է, նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընկերությանը «սև ցուցակում» ընդգրկելու համար, իսկ ORSIS ընկերությունից էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Մարիամ Պետրոսյան