«Օրսիսի» գործի շրջանակում անդրադարձ կլինի՞ նաև բանակին մատակարարված փամփուշտների գնին

ORSIS ռուսական ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը ընկերության կողմից Հայաստանին ռազմական արտադրանքի մատակարարման տենդերի ձախողման մեղավոր համարում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, պնդում է, որ 2 դոլար արժողությամբ փամփուշտը հայկական բանակին մատակարարվում էր 12 դոլարով, իսկ «ORSIS»-ի  Հայաստան մտնելուց հետո այն վաճառվել է 6 դոլարով։

168.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից, սակայն, չնայած մի քանի անգամ հարցադրման կրկնությանը, նա այդպես էլ չասաց, թե ինչ ճանապարհով է 2 դոլարանոց փամփուշտը բանակին հասել 12 դոլարով:

«Պաշտոնական հայտարարություն ենք արել, հաղորդագրություն է եղել դրա վերաբերյալ, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, ավելացնելու բան չունեմ: Եվ հետո համոզվա՞ծ եք, որ դա երրորդ անձին հասանելի տեղեկություն է»,- ասաց նա:

Հիշեցմանը, որ «ORSIS»-ի փաստաբանն արդեն գաղտնազերծում արել է, Գ. Բալայանն արձագանքեց. «Դե, հիմա քրեական գործ կա հարուցված, ես կարծում եմ, որ այդ շրջանակում նաև դրան կանդրադառնան»:

Անդրադառնալով  ռուսական կողմից ՀՀ-ին հղվելիք բողոքի նոտայի մասին խոսակցություններին՝ պաշտպանության փոխնախարարը նշեց՝ նման բան չկա:

«Դա չի համապատասխանում իրականությանը: Եթե դիվանագիտական լեքսիկոնով խոսենք, ապա նոտան բոլորովին այլ իրավահարաբերություն է: Մեր ԱԳՆ-ից մենք դեռ չենք ստացել որևէ լուր, որ ռուսական կողմը նոտա է հղել»,- ընդգծեց նա:

Բալայանը վստահ է՝ այս իրավիճակը չի ազդի հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների վրա: «Ոչ մի ազդեցություն չի ունեցել: Պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվում են՝ համաձայն  սահմանված ժամանակացույցի»,- վստահեցրեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ռուսական ընկերության հետ համագործակցության շարունակականությանը՝ Բալայանը հիշեցրեց, որ հարուցված քրեական գործ կա: «Եթե այն գնաց դատաքննության փուլ, նոր դրանից հետո պարզ կդառնա: Կարծում եմ՝ հիմա որևէ մեկը չի կարող այդ հարցին պատասխանել՝ շարունակվելո՞ւ է համագործակցությունը, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ այսինքն՝ այսօր դադարեցվա՞ծ է «Օրսիսի» հետ համագործակցությունը, Բալայանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող նման տեղեկություն ձեզ հաղորդել, որովհետև ՊՆ-ն բազմաթիվ գործընկերներ ունի, այդ թվում՝ մատակարարներ, ուստի ես չեմ կարող հստակ շեշտել՝ դադարեցվա՞ծ է, թե՞ ոչ»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս