«Եթե բախտդ բերի, կշահես նաև Ryanair-ի հետ. Լոուքոսթերները խաբող, փուչիկի նման բաներ են». ավիացիոն խորհրդատու
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի երեկվա ֆեյսբուքյան ասուլիսից հետո ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը եկել է հետևյալ եզրահանգման՝ նա չի տիրապետում ՔԱԿ-ի կանոնադրությանը և իր ֆունկցիաներին: Այս մասին նա ասաց 168.am-ի հետ զրույցում:
Ինչ վերաբերում է Ryanair ընկերության հայաստանյան շուկա մտնելուն և խոստումների իրատեսական լինելուն՝ Խաչատրյանը նշեց. «Ինչո՞ւ են դրանք ուժեղ, և մյուսները՝ թույլ, դա կախված է ֆինանսական միջոցներից: Իրենք մինչև 2010-2012 թվականները մեծ դոտացիաներ են ստացել իրենց երկրից՝ հարկային արտոնությունների տեսքով: Բացի այս, Եվրոպայի մեջ, որտեղ իրենք թռիչք ունեին, մունիցիպալիտետները և երկրորդական օդանավակայաններն իրենց սուբսիդիա էին վճարում՝ մեկ ուղևորի տեղափոխման համար սկսած 40 եվրոյից՝ մինչև 70 եվրո»:
Այս համատեքստում Խաչատրյանն ասաց, որ Ryanair-ի հետ դեռ Սերժ Սարգսյանի օրոք են բանակցել, իսկ այսօր նրա մուտքը հայաստանյան փոքր շուկա կասկածելի է: «Լոուքոսթերները խաբող, փուչիկի նման բաներ են: Փուչիկը, որ փչում, փչում ես, վերջում պայթում է: Այդ խոստացված էժան տոմսերի պահով մի քանի համեմատություն ունեմ՝ կազինո, լոտո: Մի օր ընկերներիցս մեկն ասաց՝ 35 եվրո էր, ո՞նց դարձավ 125, ասում եմ՝ կազինո չե՞ս խաղացել, ասաց՝ մի անգամ խաղացել եմ և շահել, պատասխանեցի՝ եթե բախտդ բերի, կշահես նաև Ryanair-ի հետ: Իրենք ուժեղ են, որովհետև դոտացիաներ, սուբսիդիաներ են ստացել, բայց եվրոպական շատ լոուքոսթեր-ընկերություններ 2017-ից մինչև 2019-ն ընկած հատվածում սնանկացան՝ մոտավորապես 15-ը»:
Ըստ ավիացիոն խորհրդատուի՝ 2018-ին տարեկան ուղևորափոխադրումները Հայաստանում կազմել են 2.669.000 ուղևոր, որից, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներից միասին վերցրած՝ դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ տեղափոխվել է 247.000 ուղևոր: Այսինքն, ըստ նրա՝ ամբողջի մոտ 10%-ը։ Ryanair-ն իր շահագործումն իրականացնելու է այդ շուկայի տոկոսի մեջ։
Այս համատեքստում Նավիկ Խաչատրյանը հիշեցրեց, որ ժամանակին Տաթևիկ Ռևազյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մերժել են «Արմէյր» նախաձեռնող թիմի բիզնես ծրագիրը, իսկ հիմա օտար ընկերություններին բարենպաստ պայմաններ են խոտանում, ինչը բնավ հայրենասիրություն չէ:
«Անցած տարի, երբ հեղափոխություն եղավ, ոգևորվեցինք հեղափոխական ոգով, որովհետև ո՛չ քոչարյանենց էինք սիրում, ո՛չ էլ մյուսներին, և մտածում էինք, որ մեզ չեն մերժի, շատ արագ մասնագետների հավաքեցինք, առանց թռիչքային անձնակազմի՝ 28 հոգի: Եվ Տաթևիկին բիզնես տեսլականը սկզբում ներկայացրեցինք, հետո պլանն ուզեցին, ավելի քան 40 էջանոց անգլերեն լեզվով բիզնես պլանը ներկայացրեցինք բոլոր հաշվարկներով, բայց մերժեցին: Մետաքսի ճանապարհը, որը նախկինում կար, մենք ուզում էինք Հնդկաստանից և Չինաստանից ուղևորներ բերել և այստեղից թռցնել Ամստերդամ, Բրյուսել, գնայինը մոտավորապես 280 դոլար էր»,- մանրամասնեց նա:
Մարիամ Պետրոսյան