Ինչո՞ւ լայվ չմտավ վարչապետ Փաշինյանը, կամ այն, ինչ 2016-ին թեմա էր, հիմա թեմա չէ

Օրեր առաջ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեցին, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) վարչակազմը թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ դա անակնալ էր իրենց համար. «Փաստորեն, նախկինում եղած պրակտիկան շարունակում է գործել: Քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա, և ինչպես նախկինում, դա շարունակում է տարածվել նաև պատգամավորների վրա»։

Գորգիսյանը հիշեց նաև՝ ժամանակին, երբ «Ելք» դաշինքը կար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փորձում էին այցելել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, «Սասնա ծռեր» շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սէֆիլյանին՝ մեծ աղմուկ բարձրացավ. «Հենց այս հոդվածին հղում անելով՝ փորձում էին նրանց թույլատրել»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում տարածեց, ըստ որի՝ «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով, քննության շահերից ելնելով՝ արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»:

Օրենքի պահանջն է, և թվում է, թե այլևս ասելիք չկա, հատկապես, որ իշխանությունները ևս այս պարզաբանումն ընդունեցին ի գիտություն, և հարցուպատասխան այլևս չեղավ:

Սակայն հետ գնանք 3 տարի. 2016թ. օգոստոսի 1-ին այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվեց ՔԿՎ ղեկավարության կողմից։ ՔԿՀ էի այցելել՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում՝ արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ»:

Ապա Նիկոլ Փաշինյանը մեջ էր բերել օրենքը, որը, ըստ պատգամավորի, իրեն թույլ է տալիս անարգել տեսակցել կալանավորված անձանց:

««ՀՀ օրենքը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին»: Հոդված 48. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (…) անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ (…) ԱԺ պատգամավորները»: Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցներն ուղիղ հայտարարեցին, որ ինձ արգելում են մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր:

Սա հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ ճշտելուց հետո: Սա ասում եմ արձանագրելու համար: ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալներից մեկը առաջիկայում ոնց էլ լինի՝ կհայտնվեն ԱԺ ամբիոնին: Կխոսենք»,- 2016թ. հուլիսի 28-ին գրել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այն ժամանակ էլ էր Քրեակատարողական վարչության կողմից պարզաբանում տարածվել, ուր բավականին հանգամանալից կերպով բացատրվում էր, թե ինչու պատգամավորները չէին կարող տեսակցել կալանավորված անձանց, տվյալ դեպքում՝ Սասնա ծռերին:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի օգոստոսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, թե 01.08.2016թ.-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու նպատակով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ մուտք գործելու` ԱԺ պատգամավորի իր իրավունքը խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից:

Համացանցում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Ինչպես քրեակատարողական վարչության ղեկավարության, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պատգամավորի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջինիս կողմից:

Սակայն քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը ցանկություն է հայտնել տեսակցել կալանավորված անձանց հետ, որոնց տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջինիս պահանջն օրենսդրության պահանջներին համապատասխան՝ իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Այն է՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն` «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Հիշյալ իրավական սահմանափակումները, քրեակատարողական և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության ուժով՝ չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:

Վերը նշվածի մասին պատգամավորը պատշաճ տեղեկացվել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից»,- ասված էր ՔԿՎ հաղորդագրության մեջ:

Օրենսդրությունը չի փոխվել. Նախկինի նման, ինչպես 2016թ, այնպես էլ հիմա, եթե վարույթն իրականացնող մարմինն արգելանք է դնում կալանավորված անձի տեսակցությունների վրա, նրան, բացի իր փաստաբաններից, տեսակցել կարող է միայն Մարդու իրավունքների պաշտպանը:

Բայց այն ժամանակ, օրինակ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար դա ԱԺ-ում «խոսելու» թեմա էր, Ֆեյսբուքում աղմուկ բարձրացնելու առիթ, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է. օրենքն է կիրառվում: Միայն թե անհասկանալի է, թե ինչո՞ւ այն ժամանակ սա օրենքի կիրարկում չէր համարվում, իսկ հիմա համարվում է: Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ էր 2016 թվականին սա Նիկոլ Փաշինյանի համար թեմա, իսկ հիմա՝ ոչ:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս