«Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա». Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա
Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը՝ ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ:
Կարծես թե հայտնի է նաև այդ միտքը հղացողը: Համոզված եմ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաև տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ «նոր փաստերի» դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում:
Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլև անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել:
Նման քայլի անթույլատրելի և հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաև Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:
Շատ կարևոր է փաստել և այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը:
Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա»: