«Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դեպքում Նաիրի Հունանյանը կարող է հույս ունենալ». Արմեն Բադալյան
«Նաիրի Հունանյանն իր իրավունքից է օգտվում, բայց քանի որ այստեղ ամբողջովին իրավական գործընթաց չէ, այն, ինչ տեղի է ունենում և՛ Երկրորդ նախագահի հետ կապված, և՛ ՍԴ-ի հետ կապված, ապա նրա ցուցմունք տալը կարող է քաղաքական շարժառիթներով լինել: Այսինքն՝ համապատասխան մարդու դեմ համապատասխան ցուցմունքներ տալու դեպքում Հունանյանը կարող է թեկուզ պայմանների մեղմացման հույս ունենալ»,- «168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հստակեցնելով՝ համապատասխան մարդ ասելով՝ նկատի ունի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Նաիրի Հունանյանի կալանավորման և այդ ամբողջ գործընթացը եղել է այն հատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ: «Մարտի 1»-ի գործով Երկրորդ նախագահը կալանավորված է (ի դեպ, սխալ են ասում՝ «Մարտի 1»-ի գործ, սա «Մարտի 1»-ի գործի ենթաբաժիններից մեկն է), և միգուցե Նաիրի Հունանյանը հույս ունի ինչ-որ քաղաքական առևտրի մեջ մտնել, կամ միգուցե նրան ոմանք հուշել են, որ կարելի է քաղաքական առևտուր սկսել: Քաղաքական գործընթացի մեջ քաղաքական առևտուրը բավականին տարածված տեխնոլոգիաներից մեկն է»,- ասաց Արմեն Բադալյանը:
«Մարտի 1»-ի գործը, ըստ նրա՝ նշանակում է՝ Սահմանադրական կարգի տապալում, տեղի ունեցած քվեարկություն, մարտի 1-ի ցույցեր, 10 սպանություններ, խանութների թալաններ, 1-ին նախագահի կողմնակից հարյուրավոր մարդկանց ոստիկանություն տանելը, և այլն, իսկ այս պահի դրությամբ, քաղտեխնոլոգի խոսքով՝ միայն տեսնում ենք, որ Սահմանադրական կարգի տապալման գործընթացն է քննվում. «Մենք չենք տեսնում, որ 100-ից ավելի քաղբանտարկյալներն արդարացվեն, մենք չենք տեսնում, որ գործեր կարողները պատժվեն, որ խանութ թալանողների նկատմամբ ինչ-որ քրեական գործընթաց սկսեն, էլ չեմ ասում՝ 10 սպանությունների մասին»:
Դիտարկմանը՝ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջովին բացահայտված է, նա այսպես արձագանքեց. «Դե, հանրահավաքի ժամանակ պետք է ինչ-որ բան ասեիր, որ մարդկանց քո կողմը գրավեիր, որ ցույց տայիր, թե երկրում ինչ-որ բան է փոխվել, ցույց տալ, որ դու պետք է PR-ով զբաղվես: Այ, այդ PR-ով էլ զբաղվում են, ինչպես տեսնում ենք, վերջին 1.5 տարվա ընթացքում յուրաքանչյուր օր մի PR գործընթաց է տեղի ունենում: Երբ այդ PR-ը դնում ես մի կողմ, մենք տեսնում ենք, որ իրական զարգացման օրակարգ Հայաստանը չունի, մենք չենք տեսնում՝ որն է Հայաստանի զարգացման վեկտորը»:
«168 TV»-ի տեսանյութը դիտել 21:05 րոպեից