Հրայր Թովմասյանն ասել է, թե երբ հրաժարական կտա
168TV-ի «Pressing» հաղորդաշարին տված հարցազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ասել է. «Ես հայտարարել եմ, որ այն պահին, երբ հինգ դատավոր կմտնի իմ աշխատասենյակ և կասի, որ Ձեզ շատ ենք հարգում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք, բայց գիտեք, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինել, չեք կարողանում սուր ծայրերը հարթել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել, ես պատրաստ եմ հրաժարական տալու»:
Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցել է ՍԴ 8 դատավոր, և ինքը շատ անկեղծ զրույց է ունեցել նրանց հետ:
«Դատավորների հետ ես խոսել եմ շատ անկեղծ, որ, գիտեք, ձեզ չեն կարգել դիրեկտոր, և դուք իմ ենթակաները չեք, ես ձեզնից մեկն եմ և իմ գլխավոր խնդիրը ՍԴ-ի բնականոն գործունեությունն ապահովելն է: Ես հայտարարել եմ, որ այն պահին,երբ հինգ դատավոր միասին կմտնի իմ աշխատասենյակ և կասի, որ Ձեզ շատ ենք հարգում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք, բայց գիտեք, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինել, չեք կարողանում սուր ծայրերը հարթել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել, ես պատրաստ եմ հրաժարական տալու և մնալու որպես դատավոր: Ես բաց եմ ցանկացած քննարկման, եթե դա նպաստելու է իմ երկրին, ինձ համար որևէ արգելք չկա: Դուք կարծում եք՝ ես նման վարձատրությամբ պաշտոն չե՞մ ունենա, այս պրոցեսները իրոք հաճելի չեն»:
Հարցին, թե մեղավորություն չի՞ զգում, որ երկրում բազմաթիվ հարցեր մնացել են իր հրաժարականի պահանջի պատճառով, Հրայր Թովմասյանն պատասխանել է.
«Ես մեղավորություն զգում եմ տարբեր հարցերում, որ արդյո՞ք ունենք ուժային կառույցներ, որոնց խնդիրը ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, այսինքն՝ նման դրսևորումներ մեր իրականությում կան, ես մեղավորություն եմ զգում, որ իմ՝ նախարար և պատգամավոր լինելու տարիներին չի ստեղծվել այն համակարգը, որ կալանքը, ձերբակալությունը չդիտարկվի ինչ-որ ցուցմունք կորզելու կամ պատժիչ միջոց, ես այս առումներով ինձ մեղավոր զգում եմ: Եթե վերջին հաշվով իմ հրաժարականն է լինելու մեր երկրի զարգացման գրավականը, մեր երկրում առկա խնդիրների լուծումը, ապա Հրայր Թովմասյանի համար, վստահեցնում եմ Ձեզ, երկիր, հայրենիք, անվտանգություն, սրանք շատ ու շատ ավելի բարձր արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը, Հրայր Թովմասյանը պատմության մեջ չպետք է մտնի, որպես ՍԴ նախագահ, Հրայր Թովմասյանին կարող են հիշել որպես տարբեր օրենքների հեղինակ, Սահմանադրության հեղինակ, երկու հայկական պետությունների Սահմանադրության մասնակցության հեղինակ, և Հրայր Թովմասյանը որտեղ կլինի մի ամիս հետո, մի ՀԿ-ի ղեկավոր կլինի, ֆոնդի ղեկավար կլինի, ՍԴ դատավոր կլինի, Հրայր Թովմասյանի համար դա հինգերորդական, տասներորոդական հարց է»: