«Հրայր Թովմասյանի աղջիկներին ԱԱԾ կանչելը ճգնաժամի օպերացիոն դրսևորումն է՝ որպես հետևանք». Սահմանադրագետ
Գոյություն ունի համապետական ճգնաժամ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
«Հիմնականում դա մտածողության ճգնաժամ է: Եթե մի քիչ մասնագիտական տերմինոլոգիայով ասենք՝ գտնվում ենք հայեցակարգային դեֆոլտի մեջ: Այսինքն՝ մեր պետության, հասարակության, մարդու կյանքն ու գոյն իմաստազրկվել է: Պետականության իմաստազրկման ճգնաժամի մեջ ենք, իսկ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված իրավիճակը, Հրայր Թովմասյանի աղջիկներին ԱԱԾ կանչելը, դրանք այդ ճգնաժամի օպերացիոն դրսևորումներն են՝ որպես հետևանք»,- նշեց նա:
Հարցին՝ սահմանադրական նոր փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, Այվազյանը դրական պատասխան տվեց, մյուս կողմից՝ վստահ է՝ միայն սահմանադրական փոփոխություններով խնդիր չենք լուծելու:
«Լուծումները պետք է լինեն համալիր ամբողջականության մեջ, այսինքն՝ երբ Սահմանադրությունը փոխվում է, պետք է հասկանալ փոփոխության իմաստը, պետության, իրավունքի էությունը, որպեսզի դա ինքնանպատակ չլինի»,- շեշտեց սահմանադրագետը:
Իսկ խորհրդարանական կառավարման համակարգը որքանո՞վ արդարացրեց իրեն ՀՀ-ում, և արդյոք կարիք կա՞ անցնելու կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգի. Սահմանադրական իրավունքի մասնագետը պետությունը պայմանականորեն համեմատեց մեքենայի հետ:
«Նախկինում «Մոսկվիչի» մակարդակի Սահմանադրություն ունեինք, հետո այն փոխարինեցինք «Մերսեդեսի» մակարդակի Սահմանադրությունով, բայց մենք գլոբալ մի խնդիր ունենք՝ մեքենա քշել չգիտենք: Այսինքն՝ ինչ տեսակի Սահմանադրություն էլ լինի, մեր խնդիրը չի լուծի, քանի որ մեքենա վարել չգիտենք, ուստի առաջին հերթին՝ պետք է «մեքենա վարել» սովորել: Հիմա պետք է հասկանալ պետության, հասարակության իրական բովանդակությունն ու էությունը, որպեսզի որոշենք, թե կառավարման ձևի հետ կապված Սահմանադրության ո՞ր տարբերակն ավելի արդյունավետ կլինի:
Ըստ էության, կառավարման երկու ձևն էլ նորմալ է, և դրանով չի որոշվում մեր հետագա ճակատագիրը, զարգացման հեռանկարը, դա ընդամենը պետական կառավարման ձևն է: Առաջին հերթին՝ պետք է խորը գիտելիքներ ունենանք պետականության վերաբերյալ, որպեսզի պետական կառավարման ձևի ընձեռած հնարավորությունները կարողանանք ճիշտ օգտագործել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Լրացմանը՝ որքանո՞վ կարելի է այսօր անկախ և ազատ համարել դատական համակարգը, երբ անընդհատ քաղաքական հետապնդումների մասին ենք լսում, Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ դատական համակարգը ո՛չ նախորդ իշխանությունների, և ո՛չ էլ, առավելևս, ներկա իշխանությունների օրոք ազատ չի եղել: «Տասն անգամ ավելի անազատ վիճակում է գտնվում դատական համակարգը հիմա: Եվ ամբողջ կուժն ու կուլան պետք չէ դատական համակարգի գլխին թափել, փնովել դատական համակարգը, երբ այսօրվա ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր իշխանությունն է որակական հատկանիշներով ավելի լավը դատական իշխանությունից: Անգրագիտություն է տիրում մեր պետական իշխանության բոլոր ոլորտներում, գրագիտության առումով՝ դատական համակարգն անհամեմատ ավելի բարձր է իշխանության մնացած ճյուղերից»,- պնդեց Այվազյանը:
Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը և դատավորների բարեվարքության խնդիրներին, դրանցում վրեժխնդրության ռիսկերին, սահմանադրագետը հիշեցրեց, որ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, որոնք հստակ սահմանում են դատավորների բարեվարքության կանոնները:
«Իսկ ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, ապա արդարադատությունն անցումային լինել չի կարող: «Անցումային» բառը հակասում է «արդարադատություն» հասկացությանը: Դա նույնն է, որ ասես՝ անցումային ծնողներ, ընտանիք, և այլն: Արդարադատությունը չի կարող լինել անցումային, և ցանկացած նման ինստիտուտի ներդրում լինելու է մուտացիոն ինչ-որ երևույթ, և որպես հետևանք՝ կարող է լինել վրեժխնդրություն, արդարադատության և արդարության գոյի իմաստազրկում, մարդու իրավունքների ոտնահարում: Այդ բոլոր վտանգները կան, եթե նման ինստիտուտ ներդրվի»,- եզրափակեց սահմանադրագետը:
Մարիամ Պետրոսյան