«4.9 տոկոսն արդյո՞ք թռիչքային զարգացում է կամ տնտեսական հեղափոխություն է, թե՞ ոչ, կախված է, թե ինչի հետ ենք համեմատում». Արտակ Մանուկյան
Միջազգային ֆինանսատնտեսական կառույցները բարելավել են Հայաստանում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները: Տարեսկզբին կանխատեսվող միջինը 4-4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ այժմ կանխատեսումները տատանվում են 6 տոկոսի շրջակայքում: Ի դեպ, միջազգային կառույցները տարածաշրջանի մյուս երկրների համար զգալիորեն նվազեցրել են կանխատեսվող աճը:
Այս մասին ևս մեկ անգամ բարձրաձայնեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը և տնտեսագետ Ինգա Ղալայանը՝ հավելելով, որ միջազգային կազմակերպությունները նաև կանխատեսում են, որ տնտեսական աճին զուգահեռ՝ Հայաստանում առաջիկա երկու տարում կարձանագրվի աղքատության՝ 4%-ով, և գործազրկության՝ գրեթե 1% նվազում:
168.am-ը տնտեսական աճի ու դրա շուրջ հնչող գնահատականների առնչությամբ մի քանի հարցեր ուղղեց բանախոսներին՝
Արդյո՞ք նշվող ցուցանիշները տնտեսական հեղափոխություն տրամաբանությունն արտահայտող ցուցանիշներ են, կամ այն թռիչքային ցուցանիշները, որոնց մասին սկզբում կանխատեսումներ էին արվում:
Ինչպե՞ս եք գնահատում տնտեսագետների այն նկատառումները, որոնք չեն արձանագրում նույն դրական միտումները, ինչ ներկայացնում են ներկա իշխանությունները:
Ինչպե՞ս եք վերաբերվում այն դիտարկումներին, որոնք կառավարությունում քննարկվող 4.9 տոկոս տնտեական աճի մասին տարակուսանք են հայտնում՝ նկատելով նաև, որ այն ամենացածրն է վերջին երեք տարում:
Անդրադառնալով այս հարցերին՝ Արտակ Մանուկյանը նշեց. «Ամեն մարդ կարող է, կախված իր մասնագիտական ունակություններից, կամ կարդացվածությունից, կամ հարցին տիրապետելուց՝ տարբեր գրառումներ անել, բայց որպեսզի հասկանանք՝ որն է ճիշտ, որն է սխալ, կան Վիճակագրական կոմիտեի զեկույցներ, և կա մեթոդաբանություն, որով վերանայվում են այդ ցուցանիշները:
Այդուհանդերձ, հիմա եթե մենք դիտարկում ենք՝ 4.9 տոկոսն արդյո՞ք թռիչքային զարգացում է կամ տնտեսական հեղափոխություն է, թե՞ ոչ, իհարկե, կախված է, թե ինչի հետ ենք համեմատում: Եթե համեմատում ենք մեր բաղձալի տնտեսական աճի ցուցանիշի հետ, իհարկե, սա չի հանդիսանում այն ցուցանիշը, որով մենք կարող ենք ակնկալել, բայց մենք չենք կարող իզոլյացված լինել աշխարհում տիրող տնտեսական միտումներից, և, եթե մենք դիտարկում ենք, որ աշխարհում նույն 2020 թվականի համար կանխատեսվում է մոտ 3.5 տոկոսանոց տնտեսական աճ, և վերջին հինգ տարիներում, լավագույն դեպքում, մեր ու աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշները եղել են շուրջ մեկ տոկոսի շրջանակներում, որն այս դեպքում ավելին է, քան մեկ տոկոսը, իհարկե, սա դրական միտում է, բայց որպեսզի այդ բաղձալի մակարդակին հասնենք, պետք է մեր տնտեսության մեջքը շտկենք»:
Տնտեսագետ Ինգա Ղալայանն էլ առանձնացրեց պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը. «Համաշխարհային կառույցներն էլ են կանխատեսում, որ այն նվազելու է, այսինքն, ցանկացած միջոց, որը փոխառնվելու է, ծախսվելու է արդյունավետ, ստեղծվելու են համապատասխան արտադրություններ, որոնք հնարավորություններ են տալու զարգացնել տնտեսությունը»:
Տնտեսագետները կարևորեցին նաև «Մուդիզի» կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը՝ նկատելով, որ այն մեծացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը:
Մեր հաջորդ հարցին, թե օտարերկրյա ներդրումների առումով ունե՞նք կոնկրետ արդյունքներ, որոնք կանխատեսումներ չեն, Ինգա Ղալայանն արձագանքեց. «Օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել»:
Մեր դիտարկմանը, թե՝ կոնկրետ ի՞նչ ժամանակաշրջանի համեմատ, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով, եթե դուք դիտարկեք առաջին կիսամյակը, այո, որոշակիորեն փոքր, բայց աճը կա»:
Տնտեսագետը ներդրումների առնչությամբ առաջնային համարեց տեղական ներդրումների վստահությունը, որը հանգեցնում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքին:
Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ միջազգային գնահատականները չպետք է համարել վերջին ճշմարտություն՝ հաշվի առնելով շեղումները, որոնք, ըստ նրա՝ զարգացող երկրների պարագայում շուրջ 1% են կազմում: Այդ առումով՝ նա առավել կարևորեց ռեֆորմների շարունակականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան