Ինչու է հիասթափվել Մամեդյարովը

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններում առաջընթաց է նախանշում, սակայն նա հիասթափված է Նյու Յորքում հայկական կողմի հետ երկխոսության վերջին փուլից: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ 7 անգամ հանդիպման արդյունքում առաջընթացի մասին՝ Մամեդյարովն ասել է, որ դեռևս միայն սպասում են արդյունքներին: «Եթե մենք ուզում ենք առաջ ընթանալ և իսկապես ուզում ենք քաղաքական լուծում, ապա, իհարկե, պետք է սկսել այն, ինչ կոչվում է իմ նախընտրած բառով՝ «բովանդակային բանակցություններ», որպեսզի գոյություն ունենա որևէ նյութ, որի հիման վրա ընթանում է խոսակցությունը: Այո, մենք բանակցում էինք, Մինսկի համանախագահները մի պահ ասացին, բայց, հասկանում եք, ռազմական գործողությունները շփման գծում …»,- ասել է Մամեդյարովը։

Նա ընթացիկ խնդիրներ է որակել զինծառայողների վերադարձն իրենց զորանոցները, մշտական բնակության վայրերից վտարված մարդկանց վերադարձը տուն, «որից հետո բոլոր մյուս հարցերը կարող էին լուծվել»։ Մամեդյարովի խոսքով՝ այն, ինչ դրվեց Մադրիդյան փաստաթղթում 2008-ին, այնուհետև՝ 2010-ի վերանայված տարբերակում, ապա՝ Կազանյան փաստաթղթում, այդ ամենը մշակվում է, բայց սկզբունքորեն այն հիմք է հանդիսանում բանակցությունների համար:

Արձագանքելով Մամեդյարովի հարցազրույցում տեղ գտած մտքերին՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: «Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»,- ընդգծել է Ա. Նաղդալյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի արցախյան կանգառի ընթացքում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (ՌԴ) նշել էր, որ երկու երկրների ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նախատեսում են հանդիպում. այն կարող է կայանալ դեկտեմբերին` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում:

«Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ հանդիպումը»,- ասել է Պոպովը: Մինչ համանախագահները տարածաշրջանում փորձում են առաջ մղել բանակցային գործընթացն ու նոր հանդիպում կազմակերպել, Ադրբեջանում տեղի ունեցող Թյուրքական համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ռազմատենչ հայտարարություններով հանդես եկան՝ խոսելով ԼՂ հակամարտության և «օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու» մասին: Ավելին, Իլհամ Ալիևը նշել էր. «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»:

«168 Ժամի» հետ զրույցում շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսը մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ասաց, որ բոլոր կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանն ու համանախագահները, հայտնվել են բարդ իրավիճակում, քանի որ ցանկանում են բանակցել՝ խուսափելով հակամարտության գոտում ողբերգական զարգացումներից, ուստի կա որոշակի գործընթաց առաջ տանելու ցանկություն, բայց առանց զիջելու որևէ դիրքորոշում: Ըստ նրա՝ հայկական կողմն իսկապես ունի իր օրակարգը ու դրանով է առաջ շարժվում, որը դեռ չի ենթադրում բովանդակային բանակցություններ, քանի որ հայկական կողմը ձգտում է ստանալ շփման գծում հրադադարի պահպանման երաշխիքներ, խոսում է «Դուշանբեից», «Դուշանբե պլյուսից»:

«Ադրբեջանական կողմի հիասթափությունը թույլ է տալիս պնդել, որ բանակցություն իսկապես չկա, այլ կա խոսակցություն շփման գծում իրավիճակի, ինչպես նաև գերիների փոխանակման ձևաչափերի շուրջ, ինչի հարցում կա Ստեփանակերտի անհամաձայնությունը: Սակայն, բանախոսի կարծիքով, անկանխատեսելի հայտարարությունների ֆոնին նաև դժվար է վարել իսկապես խորացված բանակցություններ: «Դրանք պետք է պարզապես բացառել»,- ընդգծեց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ կողմերը միմյանց չեն հասկանում, և դա նկատելի է:

«Կողմերը նույնիսկ չեն կողմնորոշվել, թե ինչ փաստաթղթի շուրջ են ընթանալու բանակցությունները հետագայում: Եթե Ադրբեջանը մերժել է Կազանի փաստաթուղթը, ինչո՞ւ է կրկին հիշում այդ մասին, եթե Հայաստանը համաձայն էր, ինչո՞ւ է հղում կատարում Ադրբեջանի մերժմանը: Այսինքն՝ սրանք կարևոր հարցեր են, և այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի ընթանում: ՄԽ համանախագահներն ընդամենը կարողանում են ապահովել կողմերի միջև շփումը և ոչ ավելի»,- ասաց նա:

Նիկոլյա Հայոսի կարծիքով՝ դժվար է կանխատեսել զարգացումների ընթացքը: «Այսպես կարող է երկարաձգվել իրավիճակը: Բայց չի բացառվում նաև, որ շփման գծում հնարավոր չլինի անվերջ զսպել իրավիճակը, քանի որ կողմերը շարունակում են զենքերով համալրել իրենց զինված ուժերը, ամրանալ, ինչը վտանգավոր է»,- ասաց նա:

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցային գործընթացից հիասթափությունն անտեղի է, քանի որ հակամարտությունը և դրա շուրջ բանակցությունների այս ձևը ձգվում են արդեն մի քանի տասնամյակ:

«Բնական է, որ կողմերն ունեն վեճ և պետք է բանակցեն միմյանց հետ, կարող են նաև հիասթափություններ լինել: Կարծում եմ՝ բոլոր կողմերը ներկայումս փորձում են ժամանակ ձգձգել, ժամանակ շահել և այդ ընթացքում ինչ-որ լուծումներ գտնել, որոնք կարող են տարբեր լինել, այդ թվում՝ ռազմական սցենար կամ բանակցային կարգավորում: Սակայն ներկայումս դեռ նախադրյալներ չեմ տեսնում կառուցողական բանակցությունների համար: Ամիսներ առաջ գրանցվեց որոշակի տեղաշարժ, ներկայիս միտումները հակառակի մասին են փաստում՝ իրավիճակ է փոխվում շփման գծում, վիրավորներ, զոհեր են գրանցվում, հնչում են ոչ ականջահաճո հայտարարություններ, և չի բացառվում, որ բանակցությունները հայտնվեն փակուղում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս