«Չլիցենզավորված մարդու տեղը, ով ունի տարիների ստաժ, հիմա ո՞վ է զբաղեցնում. ովքեր ոչ միայն լիցենզիա չունեն, այլև փորձ չունեն». 19-րդ պոլիկլինիկայի բժիշկները բողոքում են
Թիվ 19-ի պոլիկլինիկայի բժիշկները բողոքում են՝ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել, տնօրենն իրենց հեռացրել է աշխատանքից, քանի որ նրա դեմ բողոքել են: Խնդիրն այն է, որ Կառավարության 2014 թ. որոշմամբ մանկական բուժօգնությամբ իրավունք չունեն զբաղվել հետբուհական մասնագիտացում չունեցող բժիշկները:
Ըստ բժիշկների՝ օրենքը կա, սակայն չի գործել, այս օրենքով ոչ մի բժիշկ աշխատանքից չի հեռացվել: Այս տարի հոկտեմբերի 4-ին Առողջապահության նախարարության կողմից հրաման է ուղարկվել պոլիկլինիկաներ, ըստ որի՝ կասեցվել է լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը:
Նախարարություն են ուղարկվել բժիշկների լիցենզիաները, նրանք, ովքեր չեն համապատասխանել լիցենզիայի չափորոշիչներին, այսինքն՝ չեն ունեցել մանկական մասնագիտացում, հեռացվել են աշխատանքից:
Նախկին մանկական գինեկոլոգ, այժմ՝ մանկաբարձ գինեկոլոգ Մարինա Վիրաբյանն ասում է՝ իրեն հեռացրել են, քանի որ չունի հետբուհական մասնագիտացում, բայց մասնագիտացում չունեցող իր մյուս կոլեգաները շարունակում են աշխատել, պատճառը, իր կարծիքով, խտրական վերաբերմունքն է:
«Հոկտեմբերի 11-ին, ժողովի ժամանակ իմացանք, որ աշխատանքից ազատված ենք ես ու մանկական ակնաբույժը: 2005-ին ես ընդունվել եմ՝ որպես մանկական գինեկոլոգ, ես դրանից առաջ չէի շփվել մանկական կոնտինգենտի հետ, վերապատրաստում անցա և ընդունվեցի աշխատանքի: Որոշ ժամանակ անց, ինչպես տնօրենը խոստացել էր, ինձ վստահվեց մանկաբարձ գինեկոլոգի աշխատանք, հղիություններ էի վարում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, եթե մանկական գինեկոլոգիան կրճատում են, հասկացանք, իսկ ո՞ւր մնաց իմ մանկաբարձ գինեկոլոգի շտատը»,- ասում է Մարինա Վիրաբյանը:
19-րդ պոլիկլինիկայի աշխատակից ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանին, ով նույնպես հեռացվել է աշխատանքից, անհանգստացնում է այն հարցը, թե ովքե՞ր են աշխատելու երկար տարիների ստաժ ունեցող, բայց հետբուհական մասնագիտացում չունեցող բժիշկների փոխարեն:
«Չլիցենզավորված մարդու փոխարեն, ով ունի տարիների ստաժ, հիմա ո՞վ է զբաղեցնում այդ տեղը, ովքեր ոչ միայն լիցենզիա չունեն, այլև փորձ չունեն: Մանկական գինեկոլոգիան վստահվել է մեծերի գինեկոլոգիայով զբաղվող բժիշկներին, ովքեր ևս չունեն նեղ մասնագիտացում, չեն ավարտել օրդինատուրան»,- ասաց Մետաքսյա Մելքոնյանը:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը խնդրի մասին տնօրեններից է իմացել: Դիմել են Առողջապահության նախարարություն.
«Առողջապահության նախարարի հոկտեմբերի 4-ի հրամանով կասեցվել է մանկական ծառայության գործունեությունը: Գրությունը ստացել են բոլոր այն պոլիկլինիկաները, որոնք սպասարկում են մանկական ազգաբնակչություն: Այս հրամանով կասեցվել են մանկական ծառայության լիցենզիաները, և բոլոր այն աշխատողները, ովքեր չունեն հետբուհական մասնագիտացում, նրանց գործունեությունը պետք է կասեցվի: Այս հրամանից հետո անմիջապես մեզ հետ են կապվել պոլիկլինիկաների տնօրենները:
Մենք դիմեցինք Առողջապահության նախարարություն, մի փոքր ժամանակ խնդրեցինք և հարցրինք, թե այս դեպքում ինչպե՞ս ենք կազմակերպելու մեր մանկական ազգաբնակչության բուժումը, ստացանք պատասխան, որ 2014 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 952 N կառավարության որոշմամբ՝ պետք է աշխատենք, որում մասնավորապես ասվում է, որ պետք է բժիշկներն ունենան հետբուհական մասնագիտացում:
Մեր քաղաքացիները շատ են դժգոհում, որ մանկական ծառայության կասեցման պատճառով իրենք ստիպված են լինում նորածին երեխաների, մանկահասակ երեխաների հետ գնալ այլ բուժհիմնարկներ, որոնք զբաղվում են մանկական ազգաբնակչությամբ»:
Բժիշկները նաև պնդում են, որ Բժշկական համալսարանում առանձնացված մանկակական գինեկոլոգիայի օրդինատուրա չկա, և իրենք չէին էլ կարող այդ նեղ մասնագիտացումն ունենալ:
Առողջապահության նախարարության տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ մանկական ծառայությունների լիցենզիայի կասեցումից հետո որոշ տեսակների համար ներկայացվել են բժիշկների և միջին բուժաշխատողների մասնագիտական կրթության վկայականներ, և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի No 2975-Ա հրամանով վերոնշյալ կասեցման հրամանի «մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական նյարդաբանական, մանկական սրտաբանական և մանկական ներզատաբանական» տեսակների մասով ուժը կորցրած է ճանաչվել, իսկ մանկական ակնաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական տեսակների մասով կասեցումն ուժը կորցրած չի ճանաչվել, քանի որ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, մասնավորապես` մանկական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրականացվել միայն մանկական մասնագետների կողմից:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ