«Արցախում զինվորականի քաղաքականություն մտնելը ժամանակի պահանջ է». Գրիգորի Սահակյան
«168 Ժամը» զրուցել է Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատար, ԶՈՒ գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ:
– Դուք ապրիլյան պատերազմի օրերին եղել եք ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի հրամանատարը, իսկ ապրիլյան պատերազմի թեման սկսել է ակտիվորեն շոշափվել Հայաստանում, մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվել է հետաքննիչ հանձնաժողով։ Ըստ ձեզ՝ արդյոք եղե՞լ են լուրջ խնդիրներ, իսկ գուցե արվել է ավելին, որի մասին չի՞ խոսվում:
– Այո, եղել եմ հրետանային բրիգադի հրամանատարը։ Մեր զորամասի առաջ դրված մարտական խնդիրների հաջող կատարման համար ոչ մի լուրջ խոչընդոտ չի եղել, մենք կատարել ենք մեր պարտականությունները, և որևէ բան համարել ավել կամ քիչ՝ մեր խնդիրը չեմ համարում։
– Հրետանին համարվում է «պատերազմի աստվածը», և ապրիլյան պատերազմի օրերին մեր հրետանավորները փայլուն են իրենց դրսևորել:
– Միանաշանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության Բանակի հրետանավորները, այդ թվում՝ մեր զորամասի բոլոր ստորաբաժանումները, իրենց դրսևորել են փայլուն և հակառակորդին արժանի հակահարված հասցրել։ Հակառակորդը մի քանի շարասյուներով Ակնայի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում էր ձեռնարկել՝ նկատելով և հայտնաբերելով հակառակորդի շարասյունները, որոշում եմ ընդունել անմիջապես խոցել՝ իմ ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների ուժերով։ Հրետանային ստորաբաժանումները ժամանակին և ճիշտ կրակ են բացել հարձակվող հակառակորդի շարասյուների վրա՝ 8-10 կմ խորքում հասցնելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստ։ Շարքից դուրս է եկել նաև հրամանատարական կազմը, որի հետևանքով հակառակորդի ստորաբաժանումներում առաջացել է խուճապ, և հետագա հարձակողական գործողությունները տապալվել են։
– Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ դասեր ենք քաղել, ի՞նչ փոփոխություններ են կատարվել առաջնագծում, հրթիռահրետանային ի՞նչ նոր միջոցներ են ձեռք բերվել:
– Ապրիլյան պատերազմից հետո կատարվել են լուրջ վերլուծություններ, ի հայտ են բերվել՝ ինչպես թերություններր, այնպես էլ՝ դրական կողմերը: Հիմնվելով դրականի վրա՝ կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի հետախուզության վերաբերյալ: Մասնավորապես, մի քանի անգամ բարձրացվել է դիտարկման համակարգերի հուսալիությունը, ժամանակակից նոր հրետանային և հակատանկային համակարգեր են ձեռք բերվել, ինչպես նաև՝ ամրաշինական կառույցների ամրապնդման ուղղությամբ կատարվել են գործուն միջոցներ։
Կատարված միջոցառումները զգալի բարձրացրել են բանակի մարտունակությունը և մասնագիտական պատրաստվածությունը։
– Տեղափոխվենք քաղաքական հարթություն. սեպտեմբերի 8-ին Դուք մասնակցեցիք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին և ընտրության արդյունքներով երկրորդ տեղում էիք: Հիմա հայտարարել եք արդեն կուսակցության ստեղծման մասին, որն անվանել եք «Վստահություն», և, հնարավոր է՝ որոշեք Արցախի նախագահի թեկնածուի հայտ ներկայացնել:
– Այո, մասնակցել եմ ՏԻՄ ընտրություններին, առիթը օգտագործելով՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին։ Հիմա զբաղված ենք կուսակցաշինական աշխատանքներով, նախապատրաստվում ենք համագումարի անցկացմանը։ Այս պահի դրությամբ մենք հայտարարում ենք միայն Ազգային ժողովի ընտրություններին մանակցելու մասին, ինչ վերաբերում է նախագահի թեկնածու առաջադրվելուն, կարծում եմ, որ դրա մասին խոսելը վաղ է, քանի որ կուսակցությունը դեռ կազմավորման փուլում է, հստակ կարող եմ ասել՝ հարցը կլինի կուսակցական օրակարգում։
– Զինվորականի, ազատամարտիկի քաղաքականություն մտնելու կամ քաղաքական դաշտ տեղափոխվելու հետ կապված՝ միանշանակ չեն կարծիքները և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Արցախի քաղաքական դաշտին որքանո՞վ է անհրաժեշտ զինվորականի մուտքը:
– Որպես զինվորական քաղաքականություն մտնելը ՀՀ-ում չընդունվելու մասին միանշանակ չեմ կարող ասել, իսկ Արցախում զինվորականի քաղաքականություն մտնելը, կարծում եմ, ժամանակի պահանջ է, կարևորը պատրաստակամությունը և ցանկությունն է՝ ծառայելու իր երկրին ու ժողովրդին։ Ստերեոտիպեր կան, որոնք մարդկանց մոտ վախեր են առաջացնում քաղաքականությամբ զբաղվող նախկին զինվորականների նկատմամբ։ Դրա համար կան՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբեկտիվ պատճառներ, պատմության մեջ կան այնպիսի օրինակներ, ինչպես Պինոչետը, այնպես էլ՝ Շառլ դը Գոլը և Էյզենհաուերը։ Շատ ավելի վտանգավոր եմ համարում, եթե զինվորական լինելով հանդերձ՝ զբաղվեն քաղաքականությամբ։
– Արցախյան ո՞ր ուժերից եք աջակցություն ակնկալում, ո՞վ է Ձեր ընտրողը:
– Այս պահին ոչ մի ուժից աջակցություն չենք ակնկալում, մեր ընտրողը ժողովուրդն է։
– Արցախի նախագահի թեկնածու լինելու ցանկություն հայտնած մարդկանց հաշվի առնելով՝ ինչպիսի՞ նախընտրական շրջան և ընտրություններ սպասել:
– Հուսով եմ, որ ընտրությունների ժամանակ չի լինելու ներքաղաքական լարվածություն, ինչը կարող է բերել ընդհանուր անկայունության։ Ակնկալում եմ առողջ քաղաքական մրցակցություն՝ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
– ՀՀ-ն ի՞նչ չափի մասնակցություն, աջակցություն պիտի ունենա այս գործընթացին, կամ գուցե չպե՞տք է ունենա ոչ մի ձևով:
– ՀՀ տարբեր ինստիտուտներ մշտապես աջակցել են նախընտրական գործընթացներին և ընտրությունների պատշաճ կազմակերպմանը։ Կարծում եմ, որ համայն հայությունը չի կարող անտարբեր լինել Արցախում տեղի ունեցող պրոցեսներին։
Մարիամ Պետրոսյան