«Իսկ ո՞վ ասաց, որ դատարանը պետք է լինի ժողովրդի սրտի դատարանը». Միհրան Պողոսյան

«Ես կարծում եմ, որ այս պահին իշխանությունն անկեղծ չէ հասարակության հետ: Առկա են հետին նպատակներ՝ իշխանության տոտալ բռնազավթում իրականացնելու հետ կապված, ու Սահմանադրական դատարանն (ՍԴ) այդ ճանապարհին խոչընդոտ է գործադիր իշխանության ղեկավարի կամքն իրականացնելու համար»,- այսպիսի տեսակետ այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Ես կուզենայի դա համակցել ու փոխկապակցել ևս մեկ կարևոր հարցի հետ: Այս պահին ՍԴ տիրույթում է գտնվում իշխանության առաջին դեմքի համար շատ կարևոր քրեական գործով որոշման կայացումը: Խոսքը մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների քրեական գործով որոշման մասին է»,- ասաց փաստաբանը:

Վերջինս կարծում է, որ, եթե նայենք ժամանակագրությունը, ապա ՍԴ և մասնավորապես հենց Հրայր Թովմասյանի նկատմամբ այսպիսի տոտալ հարձակումները սկսվեցին այս տարվա սկզբից հետո, երբ կալանավորման հետ կապված՝ ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, ոչ այնպիսի որոշում կայացրեց, ինչպիսին որ կուզենային իշխանությունները:

«Դրանից հետո զարգացումները բերեցին մինչև վարչապետի տխրահռչակ հարցազրույց, Հրայր Թովմասյանի մերձավորների, սանիկների նկատմամբ քրեական հետապնդում, ընդ որում, այնպիսի զավեշտալի հիմնավորումներ էին հասարակությանը հրամցվում, օրինակ, հիշեցնենք, որ տվյալ անձը Հրայր Թովմասյանի սանիկն է: Դրանից հետո եղավ հարձակում «Հայելի» ակումբի վրա, և այժմ՝ քրեական գործը՝ իբր իշխանությունը յուրացնելու հետ կապված»,- նկատեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա կարծում է, որ սրա նպատակներից մեկը տոտալ իշխանությունն է դատական համակարգի վրա, որ որևէ դատարան, որևէ դատավոր չհամարձակվի հակառակվել գործադիր իշխանությանը, և երկրորդ, ՍԴ տիրույթում է գտնվում այն քրեական գործը, որը իշխանությունների համար իշխանությունը պահելու շատ կարևոր գրավականներից մեկն է:

«Չունենալով այլ հաջողություններ, այլ նվաճումներ՝ իշխանությունը Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը ներկայացնում է՝ որպես նոր իշխանությունների նվաճում ու ձեռքբերում… Ու որոշակի ժամանակահատված հետո նոր հայտարարություն կլինի՝ տեսեք, մեր իշխանության ձեռքբերումներից է, որ այս քրեական գործով տեղի ունեցավ 106-րդ դատական նիստը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը հիշում է, որ այս քրեական գործով նման փորձ իրենք ունեցել են, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած վճռից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան այդ քրեական գործը նրանից «խլելու» օպերացիային և անհիմն քրեական գործ հարուցեցին ու չկարողանալով նրա նկատմամբ այլ ճնշումներ բանեցնել՝ խլեցին այդ գործն ու հանձնեցին արդեն իրենց հնազանդ դատավորին: Հիմա նույն գործողությունները կատարվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ, որովհետև չի հնազանդվում, ընդդիմանում է իշխանության տոտալ բռնազավթմանը:

«Իսկ ո՞վ ասաց, որ դատարանը պետք է լինի ժողովրդի սրտի դատարանը: Դատարանն այն մարմինն է, որն իրականացնում է արդարադատություն օրենքի հիման վրա: Ու պետությունը պետք է պատրաստ լինի, որ դատարանում ինքը բազմաթիվ գործերով կրելու է պարտություն: Իշխանության ուժը հենց սեփական պարտություններն ընդունելու և հաջորդ գործողություններում այնպիսի գործելաոճ ընտրելու մեջ է, որ չպարտվի: Հասարակությունն էլ իր հերթին՝ պետք է գիտակցի, որ դատարանը միակ մարմինն է, ուր հնարավոր է պետության ոտնձգություններից պաշտպանվել, ու հասարակությունն ինքը պետք է ձգտի անկախ դատական համակարգի կայացմանը: Հասարակությունը պետք է ձգտի ունենալ այնպիսի դատարան, որը կարող է իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնել, որովհետև ամեն անգամ, երբ նման որոշում է կայացվում, հաղթում է մեկ քաղաքացի»,- շեշտում է Միհրան Պողոսյանը:

Նա կարծում է նաև, որ մենք անլրջացնում ենք պետական ինստիտուտները առօրեական նպատակներին հասնելու համար: Այսօր, հնարավոր է, դա ձեռք է տալիս իշխանություններին, բայց երկարաժամկետ հեռանկարի համար դա վնասելու է ազգային անվտանգության ողջ ծառայությանը: Սազական չէ, որ ԱԱԾ-ն մարդ բռնելով զբաղված լինի:

Հարցին, թե այս պրոցեսները նաև չե՞ն բարձրացրել մարդկանց իրավագիտակցության մակարդակը, Միհրան Պողոսյանը նկատեց, որ տեղաշարժ, իհարկե, կա, բայց դա բավարար չէ:

«Երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշումների ու վերաբերմունքի ենք արժանանում մենք՝ փաստաբաններս, դատարանում, մենք հասկանում ենք, որ մեր հասարակությունը կրթելու և կրթվելու տեղ ու անհրաժեշտություն ունի: Ես ընդունում եմ, որ նախորդ իշխանությունների ժամանակ մեր երկրում ամեն ինչ հարթ չի եղել, և մենք անցյալ տարի ապրիլին, որից ինքս էլ ոգևորված էի, գտնվում էինք մի զրոյական կետի վրա, որից հետո հնարավոր էր այս բոլոր խնդիրներին լուծում տալ: Բայց երբ ժամանակը եկավ, իշխանությունը գնաց այլ ճանապարհով՝ հասարակությանը բաժանելով «մերոնք»-ի ու «ձերոնք»-ի, սևի ու սպիտակի»,- ասաց փաստաբանը:

Խոսելով ՍԴ-ի շուրջ հանգուցալուծման մասին՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը՝ որպես քաղաքացի, կցանկանար, որ այս ՍԴ-ն մնար, որովհետև իր համար սա այն դատարանն է, որը չի կատարում իշխանության կամքը, իսկ թե զարգացումներն ինչպիսին կլինեն, ինքը չի կարող պատասխանել՝ ներկայիս իրավապահ համակարգի մտքի ֆանտազիաների հետ կապված:

«Միգուցե գնան մինչև Հրայր Թովմասյանի մեկուսացում, միգուցե այլ մեթոդներ կիրառվեն՝ կապված շանտաժների ու կոմպրոմատային փաթեթի հետ, միգուցե վաղ կենսաթոշակը կրկին շահարկեն: Իշխանության համար նպատակը ՍԴ-ի՝ որպես իշխանության տոտալ բռնազավթման համար խոչընդոտի վերացումն է, և այդ ճանապարհին նրանք պատրաստ են ամեն ինչի»,- հավելեց փաստաբանը:

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի հաղորդման հիմքով Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն, Միհրան Պողոսյանը նշեց, որ քաղաքական հետապնդման ավելի դասական օրինակ առկա չէ, երբ նույն հիմքով մի դեպքում քրեական գործ հարուցվում է, մյուսներով՝ ոչ, նկատի ունենալով, որ այս պարագայում իշխանությունը խնդիր չի տեսնում Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Արտակ Զեյնալյանի, Մանե Թանդիլյանի դեպքերի մեջ օրենսդիրից գործադիր ճանապարհին:

Խոսելով Մարտի 1-ի քրեական գործի մասին՝ Միհրան Պողոսյանն ասաց, որ իրականում այդ գործը Մարտի 1-ի հետ կապ չունի:

«Ոչ ոք հակառակում չի կարող ինձ համոզել, որովհետև ես ծանոթացել եմ գործի նյութերին ու նաև այդ իրադարձությունների ականատեսն եմ եղել, որ մարտի 1-ին եղել են զանգվածային անկարգություններ, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գործը տանում են այս ուղղությամբ՝ զգայական ֆոն ապահովելու ու ավելի արդար դատական պրոցեսի պատրանք ստեղծելու համար:

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի կողմից սահմանը հատելու արգելքին՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված էր գրավը, և այդ պայմաններում որևէ մեկն առհասարակ իրավունք չուներ սահմանը հատելու արգելք կիրառել:

«Գլխավոր դատախազությունն այս պահին դարձել է «սրտի գլխավոր դատախազություն», և դրա համար էլ դատախազության կողմից զրո արձագանք եղավ, երբ կոնկրետ քրերորեն պատժելի արարք էր թույլ տվել այն պաշտոնյան, ով կայացրել էր այդ արգելքի որոշումը»,- ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս