Պատերազմ, որ կործանում է միլիոնավոր կյանքեր
Հին Կտակարանում Աստծո կողմից տրված տասը պատվիրաններից վեցերորդն ասում է` մի՛ սպանիր (Ելք 20.13): Պատերազմների ժամանակ անգամ պաշտպանության համար իրականացվող գործողություններում հնարավոր չէ այս պատվիրանը չխախտել: Ստացվում է, որ նույնիսկ հարձակվողներից պաշտապանվողնե՞րն են Աստծո կամքին հակառակ գնում: Ինչպե՞ս է Եկեղեցին բացատրում այս հանգամանքը:
Աստված է կյանք պարգևողը և միայն Նա կարող է այդ կյանքը ետ վերցնել: Սակայն եկեղեցական հեղինակներն ուսուցանել են, որ պատերազմների ժամանակ «մի՛ սպանիր» պատվիրանը չեն խախտում նրանք, ովքեր պատերազմում են ի պաշտպանություն իրենց հայրենիքի, հավատքի ու արժանապատվության:
Խաղաղության մասին աշխարհիկ և քրիստոնեական պատկերացումները տարբեր են: Քրիստոս ասում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14.27): Սակայն մոլորակը երբեք էլ կատարյալ անդորրի մեջ չի եղել, և հատկապես վերջին տարիներին աշխարհը մոռացել է, թե ինչ են խաղաղությունն ու հանգիստը:
Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և տեսավ, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց արարչագործությունը (Ծննդ. 2.17, 3.1-19): Մեր կողմից ոչինչ չձեռնարկելու դեպքում՝ այդ չարը սպառնում է եթե ոչ մեզ, ապա մեր սերունդներին, որոնց անհոգ ու երջանիկ կյանքի երաշխավորը մենք ենք:
Կարծում եմ՝ ոչ ոք չի ցանկանա այդպիսի մեծ մեղք վերցնել իր հոգուն և որպես ժառանգություն կործանված ու ապականված աշխարհ թողնել եկողներին: Մենք արդեն մեղքի բաժին ունենք՝ հենց այսօրվա իրադարձությունների ընթացքը կանխելու համար ոչ միայն ոչինչ չանելով, այլև անգամ շարժիչ ուժ դառնալով դրա համար: Ամեն օր հարյուրավոր մարդիկ դառնում են մեր անտարբերության զոհը, ու մենք չենք էլ գիտակցում, որ մեր անգործության ու վախկոտության պատճառով այս քաոսը դեռևս շարունակվելու է:
Այսօր այն ինչ տեսնում ենք, կոչվում է խաթարված խաղաղություն, և մեր բոլորիս ցանկությունը մեկն է՝ վերադարձնել կամ գոնե մոտենալ այն խաղաղությանը, որն ի սկզբանե Աստված էր հաստատել:
Մարիետտա Խաչատրյան