«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղին տան լայն ինքնավարության ստատուս Ադրբեջանի կազմում». Վիտալի Բալասանյան
«Աղդամում կենտրոնացված էր այն ռազմաբազան, որտեղից ամեն 5 րոպեն մեկ Ստեփանակերտի վրա պայթյուն էր որոտում: Կրակում էին թնդանոթներով և «Գրադ» կայանքներով: Աղդամի շրջանը ԼՂԻՄ վարչական սահմանագծի հեռավորությունը Ստեփանակերտի ամենահեռու կետից մոտ 21 կմ էր, և մենք խնդիր էինք դրել ազատագրել այդ կրակակետերը: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի քաղաքական իշխանությունը դեմ գնացին մեր այդ որոշմանը:
Ընդհուպ, երբ մենք սկսել էինք այդ հարձակողական օպերացիան, Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եկավ ու հրահանգեց դադարեցնել կրակը»,- այսօր Ստեփանակերտում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ իրենք դեմ են գնացել այդ որոշմանը ու հուլիսի 22-ի գիշերը սկսել են օպերացիան, ինչից հետո կրկին ասել են, որ դադարեցնեն օպերացիան, սակայն ինքը կատարել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանը, ու արդեն հաջորդ օրը կեսօրին Աղդամ քաղաքն ու շրջակա բնակավայրերն ազատագրված էին:
Հրամանատարը հիշում է, որ դրանից մեկ շաբաթ անց իրենց հորդորում էին, հրամաններ էին իջեցնում Հայաստանից, որ րոպե առաջ պետք է լքեն Աղդամի տարածքը:
«Ես անձամբ կտրուկ դեմ եմ եղել այդ տեսակետին, այդ մտքին: Մեկ շաբաթ անց Աղդամում հայտնվում են Բաբկեն Արարքցյանը և Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Երկուսն էլ կենդանի են, կարող եք հարցնել: Հայտնվել են Աղդամում տեղակայված իմ շտաբում, ուր գտնվել են նաև իմ 6 գումարտակների հրամանատարները: Ես դիրքերում էի, երբ ինձ լուր տվեցին, եկա շտաբ. հարցը հետևյալն էր: ՀՀ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես շատ կտրուկ եմ պատասխանել»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
Նա նշում է, որ այս ամենը շեշտում է, որովհետև ինքը համոզվել է, որ այսօրվա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Ղարաբաղի հարցով շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության, որի էությունը հետևյալն է՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղին տան լայն ինքնավարության ստատուս Ադրբեջանի կամում, և առ այսօր, դուք տեսնում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբևիցե չի հրաժարվել այդ տեսակետից: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական իշխանության հետ: Նա առաջին անգամ որպես վարչապետ եկավ ընտրվելուց հետո, բայց ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ վաղուց: Մեր հարաբերությունները եղել են շատ ջերմ: Կարող եք իրեն հարցնել կամ տիկնոջը: Թող իրենք ասեն»,- նկատեց Վիտալի Բալասանյանը:
Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի լուծման տեսլական չունի, և այն, որ ինքն ասում է, թե նոր փաստաթղթեր է տվել Արցախի Հանրապետության նախագահին, չի կարող նման բան լինել, որովհետև ոչ մի նոր փաստաթուղթ գոյություն չունի:
Գոհար Սավզյան