Բաժիններ՝

Դոն Պիպոյի դեմ բողոքով մի նոր քրեական գործ է հարուցվել. առգրավված են սեփականաշնորհման կեղծ գրքույկներ

Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանի հիմնադրամից գողացված 1 միլիոն դոլարի տխրահռչակ միջադեպով կեղծիքների մի մեծ կծիկ է բացվել, առանցքում դարձյալ Դոն Պիպոյի բաջանաղն է՝ Վազգեն Հարությունյանը՝ նախկին պաշտոնյա հոր հետ կեղծված գործարքների փաթեթով:

Հիշեցնենք, Վազգեն Հարությունյանի մասին առաջին անգամ մամուլը գրեց ամիսներ առաջ, երբ Դոն Պիպոյի հիմնած «Արթուր Ասատրյան» հիմնադրամից քենակալ Վազգենը կանխիկացրել էր նվիրատուների 1 միլիոն դոլարը ու փորձել էր փախչել երկրից, սակայն օպերացիան կանխվել էր ժամեր անց՝ հենց Դոն Պիպոյի կողմից:

Սրան, 168.am-ի տեղեկություններով՝ հետևել էր ընտանեկան մեծ սկանդալ, քենակալի կինը միակ որդու հետ հեռացել էր ամուսնուց, Դոն Պիպոն սպառնացել էր իր փողերը տանողի «ականջները կտրել»: Ասում են՝ Վազգենի հայրը՝ Շիրազ Հարությունյանը, Պիպոյի ահից գնացել է նրա մոտ, ծնկաչոք խնդրել, որ որդուն չպատժեն, ասել է ՝ «ինչ պետք է՝ կանեմ քեզ համար, միայն թե հանգիստ թող էդ լակոտին»:

Դոն Պիպոյի պայմանը եղել է այն, որ Շիրազը որդու գողության փորձի, դավաճանության ու մեկ տարի առաջ իբր ոտքի կանգնելու համար իրենից պարտքով վերցրած միլիոնավոր դոլարների դիմաց բերի ու իրեն հանձնի ժամանակին ձեռք բերված հեկտարներով հողերի սեփականության վկայականները, անվանափոխի դրանք, որպեսզի ինքն այդ ամբողջը փոխանցի թոռանը՝ Վազգենի որդուն:

Հայրը համաձայնում է ու 39 հեկտարի վկայականները հանձնելուց հետո փոշմանում, դիմում է Վաղարշապատի ոստիկանություն:

Օրերս Շիրազ Հարությունյանը Դոն Պիպոյի դեմ բողոք է գրում առ այն, որ Դոն Պիպոն հոր հետ ինքնագլուխ բանվորական խմբերին բերել-լցրել է խաղողի այգիների մեջ ու բերքահավաք է արել՝ նշելով, որ իր օրինական շահերին միլիոնների վնաս են հասցրել:

Դոն Պիպոյի դեմ՝ բաջանաղի հոր բողոքի հայցով, հարուցվել են քրեական գործեր և, ուշագրավ է այն, որ բոլոր դրվագներով Դոն Պիպոն ու հայրը՝ Օնիկ Ասատրյանը, տուժող են ճանաչվել: Բանն այն է, որ Քննչական կոմիտեին փոխանցված քրգործի շրջանակներում ի հայտ են եկել մի շարք կեղծիքների հանգամանքներ՝ առ այն, որ Պիպոյի արկածախնդիր բաջանաղն իր ինքնառևանգման դեպքը սարքելուց բացի՝ թաթախված է նաև խաբեությամբ հափշտակված միլիոնավոր դոլարների թեմաների մեջ, կեղծված գործարքներով հողերի սեփականաշնորհման դեպքերի, և այլն:

Ի դեպ, 168.am-ին հայտնի դարձավ, որ ՔԿ-ի կողմից օրերս Շիրազ Հարությունյանի տնից առգրավվել են 110 տարբեր հողատարածքների սեփականության վկայականներ, որոնց մասով ընտանիքի բարեկամների մի մասը ցուցմունք է տվել առ այն, որ իրենք տեղյակ չեն եղել իրենց անվամբ գրանցված հողակտորների մասին, վկայականներում իրենց անվան դիմաց ստորագրությունները, ասել են, թե կեղծված են, իրենց ձեռքով չեն արված:

Մի հետաքրքիր հանգամանք ևս. Վազգեն և Շիրազ Հարությունյանների տներից առգրաված 110 հողատարածքի սեփականության վկայականները նոր չեն, Էջմիածնում և Արմավիրի այլ համայնքներում ձեռք բերված ահռելի մակերեսներով լավագույն տարածքների հողակտորները սեփականաշնորհվել են կոպեկներով և, փաստորեն, ճիշտ այն ժամանակ, երբ Դոն Պիպոյի բաջանաղի հայր Շիրազ Հարությունյանը ղեկավարել է Արմավիրի մարզի կադաստրի կոմիտեն:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս