«Շատ ֆիլմարտադրության դեպքում շատ գումար կմտնի մեր բյուջե». կդիմեն Կառավարությանը՝ ԱԱՀ-ից ազատվելու համար
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի առանցքային միջոցառումներից մեկը IHTFF համաժողովն էր, որի ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարելի է Հայաստան բերել խոշոր հեռուստա և կինոարտադրողներին, ինչպես արտահանել սեփական արտադրանքը:
POPSTAR! համացանցային հեռուստաալիքի փոխնախագահ Ջեյքոբ Մեյբերին ասաց, որ ամերիկացի դերասանների են կարողացել բերել Հայաստան, բայց դժվարություններ եղել են:
«Սա իմ 7-րդ այցն է Հայաստան, բայց նրանք, ովքեր երբեք չէին եղել այստեղ, վախեցած էին: Ամենաառաջին հեռուստասերիալը, որ նկարահանեցինք, ամերիկացի դերասանները գրեթե երեխաներ էին, մոտ 20 տարեկան, ու ես խոսում էի նրանց ծնողների հետ, ասում էի, որ ամեն ինչ լավ է լինելու, որ այստեղ շատ անվտանգ է»,- պատմեց Ջեյքոբ Մեյբերին:
Դեն Գոլդմենն էլ, ով աշխատել է Հայաստանում և ծավալուն նախագիծ է իրականացրել, երկու վավերագրական ֆիլմ են նկարել, նույնքան էլ՝ հեռուստասերիալ, հայտնեց, որ այստեղ անցկացրած ամիսների ընթացքում որոշակի տարբերություններ է նկատել, բայց մի բան կա, որ համընկնում է այլ երկրներում իր փորձի հետ:
«Մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք հասկանում են կինոյի լեզուն և խոսում են այդ լեզվով: Սակայն տեխնոլոգիան, որը շատ հեշտ հասանելի է ԱՄՆ-ում, այստեղ այնքան էլ մատչելի չէ: Դրա համար մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է ԱՄՆ-ից բերել և հասանելի դարձնել տեղացիների համար՝ լինի դա լուսավորությունը կամ այլ տեխնիկա: Այս ամենը հեշտ չէ գտնել այստեղ, և մենք ստիպված էինք դա բերել Լոս Անջելեսից, Ռուսաստանից:
Սա մի ոլորտ է, որը կարելի է բարելավել: Այստեղ ֆիլմարտադրության համար հոյակապ հնարավորություններ կան: Դու կարող ես գտնել ինչ-որ մի վայր, որը նման է Նյու Յորքին կամ Փարիզին, կամ գնալ Սևան ու այլ վայր հիշեցնող տեղ գտնել: Այստեղ կան ունիկալ վայրեր, ինչպես, օրինակ՝ Դաշտադեմը կամ Մամուլի շենքի նկուղը, որը միանշանակ դառնալու է տուրիստների այցելության վայր»,- նկատեց Դեն Գոլդմենը:
Academy Films ընկերության տնօրեն Արամ Թորոսյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սարքավորումների, լոկացիաներ փնտրելու, ուտելիքի հարցերը, ֆինանսական պլանավորումը, իրավաբանական հարթության հետ կապված բոլոր հարցերը, այդ ամբողջն այստեղ՝ տեղում է կազմակերպվում, և նրա կարծիքով, ծառայությունների այս փաթեթը՝ զուտ նկարահանումներ մատուցելու տեսակետից, գոնե պետք է կարողանան ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես որ արվում է, օրինակ, տուրիզմի ոլորտում:
«Մենք հիմա բոլորի հետ աշխատում ենք բաց՝ կնքելով պայմանագրեր, և մեզ հետ համագործակցող գործընկերներին խնդրում ենք, որպեսզի գրանցեն իրենց ՍՊԸ-ները, ԱՁ-ները: Դա մեր շուկան էլ ավելի հրապուրիչ կդարձնի արտասահմանցի, հատկապես՝ զարգացած երկրների ֆիլմարտադրողների համար, ովքեր ամեն ինչ կուզեն թափանցիկ տեսնել»:
Մեր հարցին՝ ԱԱՀ-ից ազատվելու հարցով դիմե՞լ են կառավարությանը, Արամ Թորոսյանը պատասխանեց.
«Կառավարությանը դեռ չենք դիմել, օրենքի նախագիծ է մշակվում, որի շրջանակում նաև այդ հարցով քննարկումներ կան: Այստեղ կոմպլեքս հարցեր կան՝ սարքավորումների ժամանակավոր ներմուծում, հետ արտահանում, և այլն: Այս ոլորտը կարևոր է զարգացնել: Մի նկարահանող խումբը իր հետ բերում է կեցության հարցերը՝ հյուրանոցների, տների վարձակալություն, տեխնիկայի տեղափոխում և այլն: Այսինքն, մեկ ֆիլմի շուրջ հավաքվում է առնվազն 50-100 մարդ և մեծ քանակի ծառայություններ:
Կառավարության ներկայացուցիչների հետ պետք է հստակ հաշվարկենք, թե, ենթադրենք, ԱԱՀ-ն ազատվեց, կառավարությունն ուղիղ եկամուտ չստացավ, բայց անուղղակի ինչքան եկամուտ կստանա, եթե ֆիլմերի քանակն այստեղ ավելանա: Վստահ եմ, որ, եթե մի քիչ գինը իջնի, որպեսզի մենք լինենք մրցունակ և տարածաշրջանում, և տարածաշրջանից դուրս, օգուտ կլինի: Շատ ֆիլմարտադրության դեպքում շատ գումար կմտնի մեր բյուջե: Երկարատև աշխատանք է, բայց հուսամ՝ շատ արագ որոշում կկայացվի»:
Անի Կարապետյան