«Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի հաղորդումն ուղղակի մասնագիտական տիրույթը լավ չպատկերացնելու հետևանք է». Արամ Վարդևանյան
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին ասված էր դատարանի ֆեյսբուքյան էջում:
Սահմանադրական դատարանը նման որոշում էր կայացրել հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում: Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանը խոսելով ԱԺ օրենսդրական նախաձեռնությունը ՍԴ-ի կողմից վարույթ չընդունելու պատճառների մասին՝ ասաց, որ որոշման վերաբերյալ ամբողջական դիրքորոշում, իհարկե, հնարավոր կլինի հայտնել աշխատակարգային որոշման հրապարակումից հետո, բայց այս փուլում կարելի է մի քանի շեշտադրում անել:
«Նախ՝ այստեղ ակնհայտ ժամկետների խնդիր կար: Իսկ դա հենց օրենքով սահմանված կարգի ամենակարևոր հարցադրումներից մեկն է: Անձը կարող է դիմել դատարան կոնկրետ ժամկետով, ամեն մի հայցատեսակ ունի ժամկետային սահմանափակում, և, եթե այդ ժամկետը բաց է թողնվում, նույնիսկ իրավունքի հարց բարձրացնելիս դատարանն այն վարույթ չի ընդունում՝ հիմնավորելով, որ դատարան դիմելու ժամկետները բաց են թողնված»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա նկատում է, որ այս դեպքում ժամկետների հարցը սկիզբ էր առնում դեռևս հունվար ամսից, քանի որ ամենաառաջին դիմումը ՍԴ իր կողմից ներկայացվել է դեռևս հունվար ամսին, երբ եղել են և վարույթ ընդունելու, և մերժելու որոշումներ, և այդ ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, նույնը՝ նաև մայիսի 7-ի որոշման ժամանակ, բայց հենց սեպտեմբերի 4-ից հետո՞ ինչ-որ մի հանգամանք հայտնի դարձավ…. Բնականաբար, ոչ:
«Ինչ վերաբերում է փաստաբաններից Օրբելյան Արամի և ՍԴ նախագահի քավոր-սանիկության թեմային, նախ՝ դա ինքնին իրենից ազգակցական փոխհարաբերություն չի ենթադրում մեր օրենսդրության տեսանկյունից: Մենք կարող ենք զգայական տեսանկյունից տարբեր հարցեր ու իրավիճակներ քննարկել, բայց չէ՞ որ պետք է օրենքի տեսանկյունից նայել հարցին, իսկ օրենքի տեսանկյունից նման հիմք գոյություն չունի»,- նշում է սահմանադրագետը՝ հավելելով, որ, եթե նույնիսկ դա հիմք հանդիսանար, դա պետք է լիներ քողարկված մի հանգամանք, մինչդեռ տվյալ դեպքում դա արդեն տարիներ առաջ հանրահայտ փաստ էր, ու ոչ ոք դա չի թաքցրել:
ՍԴ-ի կողմից ԱԺ-ի օրենսդրական նախաձեռնությունը վարույթ չընդունելու գործում, ըստ Արամ Վարդևանյանի, պակաս կարևորություն չի ունեցել նաև հարցի բովանդակային կողմը:
«Ինքս այդ դիմումը մանրամասնորեն ուսումնասիրել եմ: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը շատ խիստ պահանջներ է ներկայացնում այն հարցերի նկատմամբ, թե որոնք են հանդիսանում էական կարգապահական խախտումներ: Ես՝ որպես մասնագետ, չեմ տեսել այդ էական կարգապահական խախտման հիմնավորումները, դրա վերաբերյալ ապացույցները, իսկ եթե դա առկա չէ, ինչպե՞ս դա վարույթ ընդունել ու քննել»,- ասում է սահմանադրագետը:
Մեր հարցին, թե ո՞րը կլինի իշխանությունների հաջորդ քայլը, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ ՍԴ այս որոշումը, ինչպես և այլ որոշումներ, պետք է հարգվի, ընդունվի, քանի որ դրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է վերջնական դատական ակտ, և որոնց նկատմամբ ընդամենը մեկ պարտավորություն կա՝ ապահովել դրանց կատարումը:
«Ես հատուկ ուզում եմ ընդգծել: Ես երեկ ծանոթացա Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը «Դատական օրենսգիրք» և հարակից այլ օրենքների փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը շատ խիստ և կոշտ կարծիք էր հայտնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Վաղ կենսաթոշակի համակարգը, ՍԴ անդամ-դատավոր հարցապնդումը. Դրանցից յուրաքանչյուրին կոշտ արձագանք է տվել և հստակ ընդգծել, որ քաղաքական կամ որևէ այլ տեսակի ճնշում, միջամտություն պետք է բացառվի ՍԴ-ի նկատմամբ»,- շեշտում է սահմանադրագետը:
Նա ընդգծում է, որ ընդհանուր Դատական օրենսգրքին բավականաչափ դրական գնահատական տրվել է, բայց հենց ՍԴ-ի մասով ամբողջ օրենսդրական փաթեթի վերաբերյալ վերապահում է ընդգծվում:
«Հետևաբար՝ հարց է առաջանում. Այդ ինչպե՞ս է լինում, որ ամիսներ առաջ, երբ մենք ընդգծում ենք, որ այդ նախագիծը խնդիր ունի, Սահմանադրական դատարանի հետ փոխհարաբերություններն այսպես չպետք է կազմակերպվեն, որևէ արձագանք չի լինում, բայց հիմա դա Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն արձանագրեց»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե է՚լ ինչ օրենսդրական ճանապարհներ են մնացել՝ հասնելու Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը, սահմանադրագետն ասաց, որ, եթե կլինի մի դեպք, էական կարգապահական խախտում Հրայր Թովմասյանի կողմից, հիմք կլինի լիազորությունների դադարեցման համար, այս գործընթացը կրկին կարող է կիրառվել, բայց այն լեյտմոտիվը, որը ներկայացվեց դրա շրջանակներում, արդեն սպառված է:
168.am-ի հարցին, թե ի՞նչ ընթացք կարող է ունենալ վերջերս անկախ պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանի հաղորդումը հանցագործության մասին, որը նա կրկին ներկայացրել էր Հրայր Թովմասյանի վերաբերյալ, Արամ Վարդևանյանն ասաց, որ հատուկ ուզում է ընդգծել, որ դա ուղղակի մասնագիտական տիրույթը լավ չպատկերացնելու հետևանք է:
«Սահմանադրությունը որոշակի իրավիճակներ է նախատեսում, երբ օրենքի ուժով են դադարեցվում պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների լիազորությունները: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ, երբ պատգամավորը դառնում է նախարար, կամ առհասարակ կառավարության ցանկացած պաշտոնյա, այդ ժամանակ հատուկ ներկայացվի դիմում մանդատից հրաժարվելու համար: Կարող եք ստուգել ԱԺ բոլոր որոշումները: Չկա նման բան, որովհետև դա լինում է օրենքի ուժով: Այն պահից, երբ անձը նշանակվում է նախարար, ընտրվում է դատավոր և այլն, օրենքի ուժով պատգամավորի կարգավիճակը դադարում է գոյություն ունենալ: Երևի թե պարոն Բաբաջանյանն այդ մանրամասներին չի տիրապետում, այլապես նման հարց չէր բարձրաձայնի: Սա կոչվում է՝ անհամատեղելիության պահանջ, որն օրենքի ուժով սկսում է գործել: Պատգամավորը չի ներկայացնում դիմում, որ իրեն մանդատից զրկեն: Օրենքի ուժով դա ինքնին է լինում հենց այն պահից, երբ առկա է իր՝ նախարար դառնալու հրամանագիրը»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը:
Գոհար Սավզյան