
Սիրիայի հյուսիս-արևելքում 83.000-ից ավելի խաղաղ բնակիչներ պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից

Սիրիայի հյուսիս-արեւելքում 83 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, որոնք փախել են մարտերից, պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է համաշխարհային կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Վերհուզելը:
«ՀՊԾ-ն պարենամթերքով անհապաղ օգնություն է տրամադրել ավելի քան 83 հազար մարդու, որոնք փախել են Սիրիայի հյուսիսարեւելյան քաղաքներից»,-ասել է նա:
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պարենի համաշխարհային ծրագիրը ներկայում հնարավորություն ունի միանգամյա հումանիտար աջակցություն ցուցաբերել այս շրջանի 450 հազար սիրիացիների: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները, ասել է Վերհուզելը, քայլեր են ձեռնարկում, որպեսզի հնարավորություն ունենան օժանդակություն ցուցաբերել եւ պաշտպանություն տրամադրել 400 հազար սիրիացիների, որոնք կունենան դրա կարիքը:
Իր հերթին ՄԱԿ-ի ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Լիզ Տրոսելը հայտնել է, որ այդ գերատեսչությունը գրեթե 32 հազար մարդու է օգնություն ցույց տվել Սիրիայի հյուսիս-արեւելքում: Հասիքե եւ Թել Թամեր քաղաքներում 20 հազարից ավելի ներքին վերաբնակների բաժանել են վերմակներ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: