Բաժիններ՝

Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին լրագրողների համար նախօրյակին կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսության ընթացիկ թուլությունը՝ Թուրքիայի նկատմամբ վարչակազմի այսօրվա գործողությունները շատ լուրջ են «…» Սակայն մենք հանձնառու ենք այս իրադրությունը կարգավորել բանակցությունների ճանապարհով, հենց դրա համար էլ նախագահը կարգադրել է հնարավորինս շուտ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Անկարա՝ պարզելու՝ կարող ենք մենք արդյոք հասնել համաձայնության»:

Հոկտեմբերի 14-ին ավելի վաղ նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից տարածված մամուլի տեղեկագրի տեքստի համաձայն՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ է կիրառում այն բանի կապակցությամբ, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ վիժեցնելով ԻՊ-ի ոչնչացման ռազմարշավը»: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում նաեւ հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս