
«Այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում». Տիգրան Խաչատրյանը՝ ներդրումների մասին

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել են 253 մլն դրամով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«6 ամսվա տվյալներն են դեռ ամփոփված: 2018-ի հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումային զուտ հոսքերը -51 մլն դոլար էին, ինչը նշանակում էր, որ արտահոսքը գերազանցել էր ներհոսքին: Այս տարի՝ +202 են, այսինքն` հանրագումարով մոտ 253 մլն դրամով օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն ավելին են, քան 2018-ի նույն ժամանակահատվածում»,- նշեց Տ. Խաչատրյանը:
168.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ ցուցանիշները բավարարում են Կառավարությանը, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց.
«Այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում: Չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական միջոցներում 17 տոկոս ներդրում՝ ինչպես 2018-ի և 2017-ի ցուցանիշներն են, և դա համարվել բավարար: Եվ մեր բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել բիզնեսով զբաղվելու գրավչությունը և որպես հետևանք՝ ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք անցյալ 2 տարիների ընթացքում՝ մասնավորապես»:
Նախարարը նշեց նաև, որ բարձր տնտեսական աճի հիմքն ավելի բարձր տնտեսական պոտենցիալն է, որը ձևավորվում է ներդրումների իրականացման արդյունքում:
Զարուհի Դիլանյան