ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 7-ին Մեծ պալատ է ձևավորել Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու նպատակով:

Հիշեցնենք, որ  Սահմանադրական դատարանին դիմել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը և Ռոբերտ Քոչարյանը՝  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով: ՀՀ սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրելով  Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով:

Խորհրդատվական կարծիք տալու համար Մեծ Պալատում հավաքվել են 17 անդամ:

Սահմանվել է նաև  ժամկետները ներպետական դատավարության կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում՝ ՀՀ Կառավարություն,  մարդու իրավունքների հանձնակատար, գրավոր փաստարկները ներկայացնելու համար։

ՄԻԵԴ հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով խնդրի առաջնահերթությունները, հիմք ընդունելով  ՄԻԵԴ 44-րդ կանոնը, ՄԻԵԴ Մեծ Պալատի նախագահը որոշում է կայացրել՝ մինչև նոյեմբերի 19-ը շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան ներկայացնելու գրավոր փաստարկները:

Հայաստանը 2-րդ երկիրն է, որ դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  N16 Արձանագրության համաձայն խորհրդատվական կարծիք ստանալու համար: Առաջին անգամ նման հարցով ՄԻԵԴ է դիմել Ֆրանսիան 2018 թվականին և 2019 թվականի ապրիլին ստացել է ժառանգության իրավունքի մասով խորհրդատվական կարծիք:

ՄԻԵԴ-ի 16-րդ արձանագրությունը անդամ պետություններին, պետությունների բարձր դատարաններին հնարավորություն է տալիս Եվրոպական կոնվենցիայում կամ իր արձանագրություններում  սահմանված իրավունքների և ազատությունների կիրառման հարցերով դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար:

ՄԻԵԴ հրապարակման մեջ նշված է, որ դիմումը ՄԻԵԴ վարույթ ընդունել-չընդունելը որոշում է 5 դատավորից կազմված խումբը, որը հետագայում չի մասնակցում խորհրդատվական կարծիք տալու գործընթացին:  Եվրոպական դատարանը տալու է պարտադիր ուժ չունեցող, խորհրդատվական կարծիք:

Մեծ Պալատի անդամները, բացի միասնական եզրակացությունից, կարող են ունենալ առանձին կարծիքներ:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս