ԱՄՆ-ն Սիրիայում ինչ-որ պահից կմտնի խաղի մեջ, իսկ Ռուսաստանը սպասում է Թուրքիայի հետ իր առևտուրն անելու հարմար պահին. փորձագետ
Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններն այսօր՝ նախորդող օրերի համեմատ, առավել պասիվ են և դա, ըստ քրդերի՝ պայմանավորված է նրանով, որ Թուրքիան նոր թափով հարձակման է պատրաստվում։ Մյուս կողմից, այս համեմատաբար պասիվ վիճակի պատճառը նաև այն է, որ երեկ թուրքական բանակը ռմբակոծել է Քոբանիի այն տարածքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքերը, ուստի հիմա թուրքերը հետախուզական տվյաներ են մշակում, որ նման սխալ այլևս թույլ չտան։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ից մեկնարկած թուրք-սիրիական պատերազմին:
«Թուրքական կողմը համեմատաբար պասիվ ռազմական գործողությունների ընթացքում իրականացնում է հետախուզական տվյալների հավաքագրում, և դա է փաստում նաև այն, որ այս գիշեր Ղամիշլիում հետախուզական ուղղաթիռներ են երկինք բարձրացել։ Քիչ առաջ եմ խոսել այնտեղի մեր հայերի հետ, ովքեր պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրերը և պատրաստ են դիմել նաև ինքապաշտպանական մարտերի»,- ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն անդրադարձավ նաև Ղամիշլիի հայերին Հայաստանից հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված խնդիրներին և նշեց, որ ո՛չ ավիացիոն, ո՛չ ցամաքային ճանապարհով այնտեղի հայերին չենք կարող օգնել։
«Թուրքական ուժերի աջակցությունը վայելող ռազմական ուժերը դարանակալել են ցամաքային ճանապարհներին, որի պատճառով տեղի բնակիչնեը չեն կարողանում դուրս գալ իրենց տներից։ Իհարկե, վերահսկվում է նաև օդային ճանապարհը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ղամիշլիին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկության և դրա անհնարինության մասին խոսել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Եթե անհրաժեշտություն լինի, ապա Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշում կկայացվի, միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ այդ տարածքում հումանիտար օգնություն ուղարկելը, այն էլ՝ ավիացիայի միջոցով, դժվար կլինի, քանի որ Ղամիշլիի ամբողջ տարածքը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ»,- ասել էր պաշտոնյան։
Քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհանիսյանը խոսեց նաև ամերիկյան զորքերի՝ հակամարտության գոտում գտնվելու մասին։
«Ամերիկան զորքերը դուրս չի բերել Սիրիայից, ինչ-որ պահից ԱՄՆ-ն խաղի մեջ կմտնի. Այդ պետությունը թաքնված նպատակ ունի, այն է՝ քրդերին դարձնել պաշտոնական բանակցող կողմ, ինչը բխում է հենց քրդերի շահերից։ Կա թյուր կարծիք, որ գերտերությունները խաբեցին քրդերին, բայց դա այդպես չէ. հիմա այս ամենով հիմք է դրվում քրդական պետության ստեղծմանն այս տարածքների վրա և դրանով կտրվի ամերիկա-թուրքական համակամարտության նոր մեկնարկը»,- ասաց Հովհաննսիյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ փորձագետի, Ռուսաստանն իր լռությամբ և կատարվող մի շարք իրադարձություններին չարձագանքնելով՝ իր սատարումն է հայտնում Թուրքիային։
«Ռուսաստանը Թուրքիայի ներսում իր շահն ունի և սպասում է իր առևտուրն ավարտին հասցնելու հարմար պահին»,- նկատեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիային սատարելու մասին հայտատարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ