Ֆրանսահայերը կոչ են անում տապալել Էրդողանի վարչակարգը և պանթյուրքիզմը
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
CCAF-ը կոչ է արել տապալել Էրդողանի վարչակարգը և պանթյուրքիզմը: Խորհրդի գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Անկարայի կողմից սկսված գործողությունը, պանթյուրքիզմի քրեական և էքսպանսիոնիստական տրամաբանական շարունակությունն է, որն այսօր Էրդողանի վարչակարգը վերակենդանացրել է»:
CCAF-ը հայտնել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը` հայերը, երբեք չեն համակերպվի այս իրողության հետ:
Խորհուրդը նաև նշել է, որ աջակցելու է Ֆրանսիային, որպեսզի թուրքական ներխուժման հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ:
Հիշեցնենք, որ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) հիմնվել է 2001-ին, միավորում է չորս տասնյակից ավելի ֆրանսահայ քաղաքական, մշակութային, մարզական, կրթական, մասնագիտական և այլ կազմակերպությունների: Ունի երեք տարածաշրջանային գրասենյակ՝ CCAF Իլ-դը-Ֆրանս (Փարիզ և հյուսիսային շրջաններ), CCAF Կենտրոն (Լիոն և կենտրոնական շրջաններ), CCAF Հարավ (Մարսել և հարավային շրջաններ):