Բաժիններ՝

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարարի հետ

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար պարոն Խուլիո Նետոյին ով Հայաստանում է մասնակցելու WCIT 2019 համաժողովին։ Այս մասին հայտնում է Անվտանգության խորհուրդը։

Քարտուղարը կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի համագործակցությունը ինովացիոն տեխնոլոգիաների և, հատկապես, տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում։

Արմեն Գրիգորյանը հյուրին ներկայացրել է տիեզերական արդյունաբերության ներկայիս դրությունը Հայաստանում, ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և Հայաստանի տիեզերական գործակալության ստեղծման մասին առկա քննարկումները։

Պարոն Նետոն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով համաժողովի անցկացման և հանդիպման կազմակերպման համար։

Փոխնախարարն ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման կարևորությունը և հանձնառություն վերցրել նպաստել դրա հնարավորինս շուտ իրականացմանը։ Փոխնախարար Նետոն նաև ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման Բրազիլական ծրագիրը և համագործակցության հնարավորությունները։

Այնուհետև կողմերը քննարկել են տիեզերքի, բարձր տեխնոլոգիաների, գեոստացիոնար ուղեծրերում արբանյակների աշխատանքների արդյունավետ կազմակերպման, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծվելիք աշխատանքային խմբերում ԱԽ գրասենյակի ներկայացուցչի մասնակցության շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս