
«Ցանկանում եմ նոր օծանելիք թողարկել հայկական ծաղիկների բույրերով». Քարդաշյան

Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը, ով այս օրերին Երևանում է, մասնակցում է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Այսօր Քիմ Քարդաշյանը հանդես եկավ «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ քննարկեց իր հաջողության պատմությունն ու այն, թե ինչպես և որքանով են տեղեկատվության տարածման նոր մեթոդները՝ սոցիալական ցանցերն օգնել նրան իր բիզնեսում:
Քիմ Քարդաշյանը սկսեց իր խոսքը՝ ողջունելով համաժողովի անցկացումը հենց Հայաստանում՝ նշելով, որ Հայաստանում գտնվելը հիանալի է: Նա ներկայացրեց իր հաջողության պատմությունը։ Ուշագրավն այն է, որ ամերիկահայ հեռուստաաստղը ոգեշնչվել է հայաստանյան փողոցներում զբոսնելիս, որոշելով բիզնես հիմնել Հայաստանում: «Ես ոգեշնչվել եմ երեկ պարզապես Հայաստանի փողոցներով անցնելիս: Կարծում եմ, որ կցանկանամ նոր օծանելիք թողարկել հայկական ծաղիկների բույրերով»,- նշեց Քարդաշյանը: