«Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից 2-ն առողջապահության նախարարի խորհրդականներն են, նրանք նախարարին դեմ չեն գնա». Լևոն Բաղդասարյան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ պնդեց՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահի խափանման միջոցը պետք է փոխվի՝ նրա առողջական վիճակով պայմանավորված:

«Արդեն 3 ամիս է, ինչ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այստեղ առողջապահության նախարարը ճիշտ է, երբ ասում է, որ ամեն ինչ իրենց հսկողության տակ է: Պետք է հիշեցնեմ, որ մինչ միջգերատեսչական հանձնաժողովը, ամենաբարձր մակարդակով ստեղծված է եղել հանձնաժողով՝ առողջապահության նախարարի հրամանով, որն արձանագրել է՝ ինչպես բացասական դինամիկան, այնպես էլ՝ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը: Պաշտոնական ոչ մի հայտարարություն չարվեց նախարարի կողմից, դատարանը դա անտեսեց, հետո վերցրեցին և ստեղծեցին միջգերատեսչական հանձնաժողով: Այդ հանձնաժողովի 2 թե 3 անդամներն առողջապահության նախարարի խորհրդականներն են:

Ըստ այդմ՝ ես իրավունք ունեմ մտածելու, որ անգամ իր ցանկության դեպքում նախարարի խորհրդականը նախարարին դեմ չի գնա: Նախարարը մի շաբաթ առաջ հայտարարություն է անում, թե՝ ի՞նչ եք ուզում, ամենալավ հիվանդանոցում, լավագույն  բժիշկների կողմից բուժվում է: Այստեղ արդեն տեսնում ենք սուբյեկտիվիզմը և ասում՝ հարգելիս, եթե դուք ձեզ ապահովագրում եք դրանով, ուրեմն՝ եթե մարդուն մի բան պատահեց, պատասխանատուն դուք եք, քանի որ մենք բարձրաձայնում ենք՝ կալանքը խոչընդոտում է, որպեսզի Գրիգորյանը կարողանա լավագույն ձևով բուժում ստանալ»,- նշեց նա՝ նշելով, որ կան դեղեր, որոնք ՀՀ-ում գրանցված չեն, և հետո՝ Մանվել Գրիգորյանին արևի լույս է պետք:

«Միջգերատեսչական հանձնաժողովում պաշտպանական կողմի ցանկությամբ ներգրավվեց նաև Գրիգորյանի բժիշկը, որը կամավոր ցանկություն հայտնեց գալ և ստորագրություն տալ դատարանին՝ խոստանալով, որ  ոչ ճիշտ եզրակացության դեպքում պատրաստ է համապատասխան պատասխանատվության ենթարկվել: Օրեր առաջ բժիշկը ՀՀ-ում էր, որն ուղղակի բարձրաձայնում է՝ երկրորդային հիվանդությունները վտանգում են անձի կյանքը և կարող են հանգեցնել մահվան:

Նա փաստում է հանգամանքը, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, բավարար չէ, որպեսզի կարողանա դեղամիջոցները ստանալուց հետո ինտենսիվ բուժում ստանալ: Բժիշկներից մեկը, չեմ հիշում, որ հիվանդության մասով, ասաց, որ չի կարող բուժել, աշխատել՝ կապված Գրիգորյանի սահմանափակ տեղաշարժման հետ, կարծեմ՝ հոգեթերապևտն էր: Երկրորդ՝ անձը չի կարողանում շարժվել, խնամակալի կարիք ունի, կա ընդամենը մեկ խնամակալ՝ հաշվի առնելով կալանքի տակ գտնվելը: Իսկ այս խնամակալը ժամը 9-ից հետո գնում է, և Գրիգորյանին օգնում է անվտանգության աշխատողը, նա շատ անգամ չի էլ դիմում, որ լրացուցիչ չծանրաբեռնի, երրորդ՝ նրան արևի լույս է պետք նրա օգտագործած դեղերի պարագայում»,- հավելեց նա:

Լևոն Բաղդասարյանը պնդեց՝ փողոցային արդարադատությունը վտանգում է երկրի անվտանգությունը:

168.am-ի հարցին ի պատասխան՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը երեք անգամ միջանկյալ որոշում է կայացրել, իսկ գանգատը վերաբերում է անօրինական կալանքին և խոշտանգման փաստին:

«Այն, ինչ մենք բարձրաձայնում ենք, գնում է ՄԻԵԴ, հիմնականում՝ բժշկական»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ին տեղեկացրել են նաև փողոցային արդարադատության և այլ երևույթների մասին:

«Ձեռնպահ ենք մնում, որ մաքսիմալ չներկայացնենք, բայց մենք խախտում ենք տեսնում և կարծում՝ փողոցային արդարադատությունը վնասում է քաղաքացիներին, պետությանը, իշխանությանը»,- եզրափակեց նա:

 Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս