Բաժիններ՝

Կուրցը Ավստրիայի նոր կառավարություն կազմելու մանդատը կստանա հոկտեմբերի 7-ին

Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը հոկտեմբերի 7-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին կհանձնարարի հանրապետության նոր կառավարություն կազմել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով: Այդ մասին հայտնել է Ավստրիայի նախագահի վարչակազմը: «Նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը երկուշաբաթի օրը՝ հոկտեմբերի 7-ին, կընդունի ԱԺԿ-ի նախագահ Սեբաստիան Կուրցին:

Այդ զրույցից հետո նախագահը Սեբաստիան Կուրցին կօժտի կառավարություն կազմելու մանդատով»,-ասված է նախագահի դիվանատան մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ավստրիայի ՆԳ նախարարությունը հոկտեմբերի 3-ին հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո պահպանողական ԱԺԿ-ն հաղթանակ է տարել ձայների 37,5 տոկոսով (71 պատգամավորական մանդատ):

Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել 21,2 տոկոս ձայներով (40 մանդատ): Երրորդ տեղում Ավստրիայի ազատության կուսակցությունն է՝ 16,2 տոկոս ձայներով (31 մանդատ): Չորրորդ տեղն զբաղեցնում են «կանաչները»՝ 13,9 տոկոս ձայներով (26 մանդատ): «Նոր Ավստրիա» լիբերալ կուսակցությունը հինգերորդն է՝ 8,1 տոկոս ձայներով (15 մանդատ): Մնացած քաղաքական շարժումները չեն կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը:

Ավստրիայի նոր գումարման Ազգային խորհրդում կլինի հինգ քաղաքական կուսակցություն: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 75,6 տոկոս: Ֆեդերալ ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհաստատի հոկտեմբերի 16-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս