«Ընդդիմություն», որը միշտ «հաճելի» է եղել իշխանություններին
Հայտնի փաստ է, որ քաղաքական ընդդիմությունը քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկն է և կոչված է գործող իշխանության կողմից անտեսված խնդիրները բարձրաձայնել և հետամուտ լինել դրանց կատարմանը: Ընդ որում, միակենտրոն քաղաքական համակարգերում պետական իշխանության հետ ցանկացած հակասություն և ընդունած որոշումների հետ անհամաձայնություն համարվում է պետական դավաճանություն, հետապնդվում է ու պատժվում: Մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմության խելամիտ գործունեությունը ողջունելի է և ապահովում է համակարգի ճկունությունը:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Նորին գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը, այսինքն՝ թագուհու կամ թագավորի պատվարժան ընդդիմությունը, որը նույնպես միապետինն է, ինչպես իշխանությունը, իշխող ուժը: Քաղաքական ընդդիմության ճշգրիտ սահմանում չկա: Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ դրա իրավաբանական ամրագրումը ևս բացակայում է: Ամենապարզ սահմանմամբ` որևէ երկրում գործող բոլոր այն քաղաքական կուսակցություններն ու կառույցները, որոնք չեն մասնակցում երկրի կառավարմանը և մաս չեն կազմում իշխանություններին, համարվում են ընդդիմություն:
Որևէ երկրի ժողովրդավարացման գործընթացի և ժողովրդավարության մակարդակը կամ աստիճանը կարելի է որոշել նաև ընդդիմությունով: Հնարավոր է վարչակարգի հետագա հնարավոր զարգացումը ևս կանխագուշակել իշխանության և ընդդիմության միջև յուրահատուկ փոխհարաբերությունների միջոցով: Վերջին օրերին հայրենի քաղաքական դաշտում ընթացող զարգացումները, որքան էլ զարմանալի է, ընթանում են ՀՀԿ-«Լուսավոր Հայաստան» կոնֆիգուրացիայով, ընդ որում՝ այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ ԼՀԿ-ն բացահայտ ցույց տվեց, որ ընդդիմադիր սեկտորի ֆեյքն է և փորձում է ամեն կերպ դաշտն իրենով անել ու «փակել» այդ գիծը։
Հանուն արդարության պետք է նշել, որ իրականում Մարուքյանն ու թիմակիցները դեռևս մեկ տարի առաջ ունեին այդ հնարավորությունը, սակայն Փաշինյանի խորամանկ ու հաշվարկված քայլով (Մանե Թանդիլյանին նշանակեց սոցապ նախարար) ԼՀԿ-ի հույսերը հօդս ցնդեցին։ Ներկայումս ՀՀԿ-ԼՀԿ «փոխհրաձգությունը» կարծես նոր շրջափուլ է մտնում, չնայած սա պայքար է արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի միջև, ասել է թե՝ արտահայտչամիջոցներն ու լսարանը տարբեր են, սակայն այս պայքարը նոր թափ է ստանում. սա փաստացի պայքար է իրական ընդդիմության և Փաշինյանին արդեն բացահայտ սատարող ու նրա քիմքը շոյող քաղաքականություն տանող երկու քաղաքական ուժերի միջև։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ «Լուսավորը» դարձել է ՀՀԿ-ի դեմ հակաքարոզի ավանգարդիստը՝ շրջանառության մեջ դնելով փաշինյանական թևի թեզերը ու իր վրա վերցնելով իշխանությանն ուղղված բացահայտ հարվածները։
Հենց այս հանգամանքի վրա պետք է սևեռվել ու իրերը կոչել իրենց անվամբ. այս ֆոնին զարմանալի է ՀՀԿ-ականների վրդովմունքն ու զարմանքը, թե «ինչո՞ւ է Մարուքյանը նման քայլերի գնում ու բաց տեքստով պաշտպանում իշխանություններին», հավանաբար մոռացել, են, թե իրենց իշխանության օրոք իրենք օգտագործում էին «Լուսավորին», ու «Լուսավորը» բավականին գեղեցիկ ձևով թելում էր ՀՀԿ-ի թելը, հիմա տեղի է ունենում նույնը, ուղղակի ՀՀԿ-ի փոխարեն՝ այսօր իշխանության է Փաշինյանը, և Մարուքյանը «ծառայում» է նրան՝ սպասարկելով «շեֆի» քաղաքական օրակարգը։
Պետք է փաստենք՝ զայրույթը հասկանալի է, բայց զարմանալի չէ։ Այլ կերպ ասած՝ Էդմոն Մարուքյանը ժամանակին ՀՀԿ-ի հաճախորդն էր, իսկ հիմա՝ ՔՊ-ի, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի։ Օրինակ, չմոռանանք, որ 2018-ի ապրիլին, երբ խորհրդարանը Սերժ Սարգսյանին երրորդ անգամ ընտրում էր վարչապետ, Մարուքյանն ու թիմակիցները մասնակցեցին այդ նիստին՝ այդ կերպով լեգիտիմացնելով Սարգսյանի ընտրության օրինականությունը և տվեցին հստակ քաղաքական ստատուս, և դա՝ այն դեպքում, երբ, օրինակ, «Ելքի» մյուս՝ ՔՊ-ական թևը բոյկոտել էր այդ ընտրությունը։ Ակնհայտ է, որ քաղաքականության մեջ ոչինչ ու երբեք բացառել պետք չէ, առավել ևս, եթե խոսքը մեր երկրի ներքաղաքական անցուդարձի մասին է:
Արման Գալստյան