Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առիթով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛տարեցներ,

Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով:

Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու Ձեզ, շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:

Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը:

Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:

Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:

Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:

ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ցանկանալով առողջություն և երջանիկ ծերություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս