
«Ժամանակը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել, որն է իրական խնդիրը». Զ. Փոստանջյանը՝ Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի մասին

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել, որն է իրական խնդիրը: Ցանկալի չէ, որ նման հայտարարություններով հանդես գան: Հատկապես կառավարության առաջին դեմքը, երբ անընդհատ փորձում է անդրադարձ կատարել իր ենթակային, խոսում է նրա մասին, որ ինչ-որ խնդիր ունի և այդ խնդրից վախենում է»,- նշեց իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի շուրջ Լոս Անջելեսում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա …Դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը»,- ասել էր Փաշինյանը։
Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը՝ ասելով, որ ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին:
Զարուհի Դիլանյան