«Բարսելոնային» պատժել են «ահռելի մեծ» գումարով
«Ատլետիկոն» դժգոհ է, որ լրացուցիչ գումար չի ստացել Անտուան Գրիզմանի համար: Ակումբը ապացուցել է, որ «Բարսելոնան» և ֆրանսիացի հարձակվողը բանակցել են մարտին:
Մադրիդյան ակումբը դատական հայց էր ներկայացրել, իսկ Իսպանիայի խստագույն ֆուտբոլի ֆեդերացիան պատժել է «Բարսելոնային» հսկայական տուգանքով՝ ակումբից գանձվելու է 300 եվրո: Բոլոր զրոները տեղում են, կատալոնացիներն իսկապես կվճարեն մի փոքր ավելին, քան 15 հազար դրամը:
«Ատլետիկոն» բողոքում է, որ իրենց վճարել են 120 միլիոն եվրո՝ 200-ի փոխարեն: Պաշտոնապես, ամեն ինչ ճիշտ է: Բայց մադրիդյան ակումբը ապացույցներ ունի այն մասին, որ «Բարսելոնան» գարնանը պայմանավորվել է Գրիզմանի հետ: Հետևաբար «Ատլետիկոն» դատարան գնաց՝ 80 միլիոն տարբերության հետևից:
Որպես ապացույց ներկայացվեց Գրիզմանի շրջապատի հետ կատալոնական ակումբի բանակցությունների ձայնագրությունները: Գրիզմանի շրջապատը 14 միլիոն եվրո է ստացել «Ատլետիկոյից» խաղացողի տեղափոխության համար, հայտնում է El Mundo-ն:
Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել էլեկտրոնային նամակագրություն, որից պարզ է դառնում, որ ֆրանսիացու տեղափոխման վերաբերյալ բանակցությունները ընթացել են մարտին: Վճարները բաժանվել են 4 մասի. առաջինը ստացել են ֆուտբոլիստի քույրը և գործակալը և նրա հայրը: Երկրորդը ստացել է Գրիզմանի փաստաբան Սևան Կարյանին:
Երրորդ մասը վճարվել է ֆրանսիացու միջնորդին, ով 2018 թվականի ամռանը օգնել է «Բարսելոնայի» հետ բանակցություններում: Չորորդ մասը ստացել է Գրիզմանի գործակալը և մոտ ընկերը:
Այս միջնորդավճարները տարբեր են եղել և դա է եղել պատճառը, որ գործակալներից մեկը որոշել է հրապարակել նամակագրությունը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հանձնաժողովը որոշել է, որ շատ դժվար է ապացուցել Գրիզմանի և «Բարսելոնայի» միջև բանակցությունների փաստը, քանի որ պաշտոնապես ամեն ինչ սկսվեց մայիսին, երբ Անտուանն արդեն ցանկություն էր հայտնել լքել ակումբը:
Հնարավոր պատժամիջոցներից մեկը «Քամփ Նոու»-ի որակազրկումն էր: Ներկայիս տուգանքը ձևականություն է, իսպանացի պաշտոնյաները տեղյակ են այդ մասին:
«Հաշվի առնելով տնտեսական հնարավորությունները և տվյալ տրանսֆերի գումարի չափը՝ հանձնաժողովը հասկանում է, որ 300 եվրոյի խորհրդանշական տուգանքը էական ազդեցություն չի ունենա քննարկվող ակումբի վրա»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Սակայն, անգամ այս գումարը կատալոնական ակումբը պատրաստվում է բողոքարկել: Խնդիրը ոչ թե գումարի չափն է, այլ արդար մնալը: Ակումբը կարծում է, որ որևէ բան չի խախտել, իսկ նույնիսկ խորհրդանշական տուգանք վճարելը կդարձնի նրանց մեղավոր:
Սիրարփի Աղաբաբյան