
ՀՀ և Խորվաթիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում է ունեցել Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։
Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։
ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով առավել խորացնելու և հարստացնելու համագործակցության երկկողմ օրակարգը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդակներում շփումների ու փոխայցելությունների ակտիվացման միջոցով:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է ԵՄ և անդամ երկրների հետ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացը՝ ընդգծելով, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման համար: