Բաժիններ՝

Հիմա կա՞ թե՞ չկա, կամ ինչո՞ւ գերատեսչական հանձնաժողովի որոշ անդամներ տեղյակ չէին իրենց ներկայացվածությունից

Երկու օր առաջ տապալված գիտխորհրդի նիստից հետո, որը չկայացավ օրակարգը չհաստատելու պատճառով, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդի անդամ, ուսանողական խորհրդի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Մաթևոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մայր բուհի 100-ամյակի տոնակատարություններին,  ասել էր. «Երևի մեկ տարի առաջ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարական հանձնաժողովի չստեղծումը պայմանավորում էր Արամ Սիմոնյանի անձով, ու դա լայն քննարկվեց, բայց պարզվեց՝ Արամ Սիմոնյանն էլ գնաց, ու էլի ոչ մի պետական հանձնաժողով չկա»։

Այդ հայտարարությունից հետո շրջանառության մեջ դրվեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ ս/թ հուլիսի 9-ին ստեղծվել է հոբելյանական գերատեսչական հանձնաժողով, որի նպատակը ԵՊՀ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելն ու նշելն է։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Գ. Թամրազյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Մուրադյանը, քարտուղար  Իսրայելյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Մարգարովը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը և ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը։

168.am-ը կապ հաստատեց համալսարանական դասախոսների հետ՝ փորձելով հասկանալ, թե շուրջ 2.5 ամիս առաջ ստեղծված գերատեսչական հանձնաժողովի կազմում ի՞նչ քննարկումներ են ունեցել, և ի՞նչ միջոցառումներ են, ըստ այդ քննարկումների, ընդգրկվել միջոցառումների ծրագրում։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը բացարձակապես գաղափար չունի դրանցից։

Մեր այն դիտարկումից, թե ինքն այդ հանձնաժողովի անդամ է, Գուրգեն Մելիքյանը ակնհայտորեն զարմացավ։

«Նախարարի հետ քննարկո՞ւմ է կատարվել։ Հավատացնում եմ, որ ես այստեղ չեմ եղել, Ղարաբաղում եմ եղել և որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց անվանի պրոֆեսորը։

Մեր այն հարցին, թե իրեն չե՞ն տեղեկացրել, որ ինքն այդ հանձնաժողովի անդամ է, Գուրգեն Մելիքյանն ասաց՝ չէ, ես չգիտեմ, ինձ տեղյակ չեն պահել։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն ասաց, որ համալսարանում մի քանի անգամ քննարկումներ կատարվել են, կան հրավիրատոմսեր, և կարող է միջոցառումների ծրագիրը տրամադրել մեզ։

Մեր ճշտող հարցին, թե խոսքը նախարարի կողմից հուլիսի 9-ին ստեղծված գերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու մասին է, Խաչատուր Ներկարարյանն ասաց.

«Հուլիսի 9-ին ստեղծված հանձնաժողովից, ճիշտն ասած, ես տեղյակ չեմ անմիջականորեն։ Ես այդ աշխատանքներին մասնակցել եմ միայն համալսարանի շրջանակներում։ Նախարարությունում որևէ հանդիպում չի եղել, որպես այդպիսին»։

Խաչատուր Ներկարարյանը, սակայն, կարծում է, որ պետք է հանգիստ անցկացնել այդ ամեն ինչը, ու կարիք չկա այդ հարցը բարձրացնելու։

«Այսօր ԵՊՀ էին եկել Ազգային ժողովի նախագահն ու նախարարը, և քանի որ այդ հանձնաժողովի նախագահը եղել է նախարարը, ենթադրում եմ, որ կազմակերպչական աշխատանքները, որ տարվել են համալսարանում, ուղղակի նրա հանձնարարությամբ իրականացրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։ Եվ որքան ինձ հայտնի է, բավական մեծ գումար էին հատկացրել այդ միջոցառումներն իրականացնելու համար։ Այնպես որ, պնդել, որ մասնակցություն չի եղել, կարծում եմ, որ սխալ կլինի։ Հանձնաժողովն ըստ էության իրականացվել է համալսարանի սահմաններում։ Ենթադրում եմ, այդ նույն հանձնաժողովն է եղել»,- ասաց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆալուլտետի դեկանը։

Փաստորեն ԿԳՄՍ նախարարի հրամանով, ըստ համապատասխան փաստաթղթի, ստեղծված հանձնաժողովի որոշ անդամներ տեղյակ չեն եղել, որ իրենք ընդգրկված են նախարարի կողմից ստեղծված հոբելյանական հանձնաժողովի կազմում, իսկ գուցե հանձնաժողովն այնքան հապճեպ է ստեղծվել, որ չե՞ն  հասցրել այդ մասին տեղեկացնել բոլորին։

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս