![](/banners/BeFunky-design.jpg)
Փարիզում խոնարհել են դրոշները Ժակ Շիրակի հիշատակին
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/jak-shirak.jpg)
Ժակ Շիրակը փարիզցիների հիշողության մեջ կմնա որպես քաղաքագլուխ, որը ջերմորեն սիրում էր իր քաղաքն ու նրա բնակիչներին, նրա հիշատակին կխոնարհվեն դրոշները եւ կբացվեն ցավակցությունների գրքեր: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի գործող քաղաքագլուխ Անն Իդալգոն:
Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին կյանքի 87-րդ տարում: Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1995-2007 թվականներին, իսկ մինչ այդ 18 տարի (1977-ից մինչեւ 1995 թվականը) եղել է Փարիզի քաղաքագլուխը: «Այսօր Փարիզը սգում է: Ես խորապես վշտացած էի՝ իմանալով այն մասին, որ մեզնից հեռացել է Ժակ Շիրակը: Ականավոր պետական գործիչը, մեծ հումանիստը կերտել է մեր երկրի պատմությունը»,-գրել է Իդալգոն Twitter-ի իր էջում: Նա նաեւ նշել է, որ ի հիշատակ Շիրակի մունիցիպալ օբյեկտների վրա կխոնարհվեն դրոշները: Փարիզի քաղաքապետարանում եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի բոլոր օկրուգներում կբացվեն գրառումների գրքեր, որպեսզի փարիզցիները կարողանան դրանցում հայտնել իրենց ցավակցությունը, հավելել է Իդալգոն:
«Մեզ՝ փարիզցիներիս համար նա միշտ կմնա մեր քաղաքագլուխը, որը ջերմորեն սիրում էր իր քաղաքն ու նրա բնակիչներին: Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա տիկնոջը՝ Բեռնադետին, նրա դստերը՝ Կլոդին, նրա թոռանը՝ Մարտենին, նրա ընտանիքին ու մերձավորներին»,-գրել է Իդալգոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: