«Երևանի ավագանիում ընդդիմության փոքրաթիվ ներկայացվածությունը նախընտրական շրջանում վարչապետի քաղաքական մանիպուլյացիայի հետևանքն է». Դավիթ Խաժակյան
Երեկ լրացավ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկ տարին։ Ավագանու և քաղաքապետի գործունեության մեկ տարին 168.am-ն ամփոփել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։
– Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու գործունեության մեկ տարին առհասարակ։
– Քաղաքային իշխանությունների համար այս մեկ տարին հագեցած էր սխալներով, որոնցից կարելի էր խուսափել, եթե հակված լինեին լսել նաև երկրորդ կարծիքը։ Ինչպես ասում են, հեռատեսները սովորում են ուրիշների սխալներից։ Ցավոք, նոր իշխանությունները ոչ միայն չսովորեցին նախկինի սխալներից, այլև կառավարչական առումով կայացրին այնպիսի որոշումներ, որոնց բացասական հետևանքներն ապագայում դեռ զգացնել կտան։
– Ի՞նչ ձեռքբերումներ ունի ավագանին ու ի՞նչ լուրջ բացթողումներ։
– Ձեռքբերումներից կարող եմ նշել Երևանի ավագանու հրապարակային գործունեությունը, որը լի է քննարկումներով և բանավեճերով։ Ակնհայտորեն մեծացել է քաղաքացիների հետաքրքրվածությունը մեր գործունեության նկատմամբ, ինչն ինստիտուտի կայացման առումով մեծ հույս է ներշնչում։
Տարանջատելով ավագանուն քաղաքապետարանի աշխատակազմից՝ բարեփոխումների բացակայությունը պետք է նշեմ՝ որպես ամենամեծ ձախողում։ Իր գործունեությունն այս ավագանին սկսեց՝ հաստատելով հին և ուռճացված հաստիքացուցակը, ինչպես նաև հաստատեց մի բյուջե, որն առ այսօր խնդիրների առաջ է կանգնեցնում իշխանություններին։ Ավագանին պետք է պրոակտիվ կերպով աշխատակազմին դուրս բերեր հարմարավետության շրջանակներից և մղեր արագ և արդյունավետ բարեփոխումների։ Մինչդեռ այսօր մենք ունենք էլ ավելի ուռճացված հաստիքացուցակ և անարդյունավետ գործող համակարգ, որի բարեփոխման հնարավորությունը, ցավոք, էապես մսխված է։
– Քաղաքապետի աշխատանքի գնահատականն ինչպիսի՞ն է՝ ըստ Ձեզ, կարողացե՞լ է նա իրագործել իր նախընտրական ծրագիրը գոնե որոշ չափով, և եթե՝ այո, ի՞նչն է իրագործել։
– Այո՛, քաղաքապետն իրագործել է իր խոստումներից քայլ առաջինը՝ «հաղթելու ենք»-ը․ քաղաքական դաշտը սևի և սպիտակի բաժանելով, մոռացնել տալով ընտրությունների քաղաքային բնույթը՝ նա ստացել է քվեների գերակշիռ մասը և մեկ տարվա ընթացքում մոտեցել քայլ առաջինի՝ մաքրության խնդրի կարգավորմանը։ Զավեշտալին այն է, որ 2019 թվականն իմ հիշողության մեջ տպավորվել է՝ որպես քաղաքի ամենաանշուք և կեղտոտ տեսքի տարի, մինչդեռ աղբահանության համար ծախսվել է գրեթե կրկնակի ավելի գումար, քան նախորդ տարիներին։ Իհարկե, կասեն, որ դա կապիտալ ծախս էր, որը ծառայելու է նաև առաջիկա տարիներին, սակայն կարծում եմ, որ լավ պլանավորման դեպքում կխնայվեր և՛ այդ գումարի զգալի մասը, և՛ մեր հայրենակիցների նյարդերը, ովքեր մեկ տարի շարունակ հանդուրժեցին բազմապիսի պատճառաբանությունները՝ էֆեկտիվ աշխատանքի փոխարեն։
Բարեբախտաբար, խնդրի կարգավորումը գոնե այսօր տեսանելի է, և հույս ունեմ, որ քաղաքապետության մեկ տարվա օրը չենք ունենա լցված աղբամաններ և օդում ճախրող թափոններ։
Տրանսպորտի, վերելակային տնտեսության և համակարգային այլ խնդիրների լուծման մասին ներկայումս ավելորդ է խոսել. առաջընթաց չեմ տեսնում։ Մեր ճշտող հարցերին քաղաքապետարանը մատնանշում է կառավարությունից ակնկալվող ֆինանսական աջակցությունը, որը, կարծում եմ, իրատեսական չէ։ Իհարկե, որպես Երևանի ավագանու անդամ՝ ես ցանկանում եմ, որ խնդիրներն օր առաջ լուծվեն, բայց չեմ կարծում, թե կառավարությունը կհամաձայնի մեծացնել պետության արտաքին պարտքը՝ այդ ծավալի գումար միայն մեկ համայնքի խնդիրների լուծմանը տրամադրելու նպատակով։ Առնվազն դա կհակասի համայնքների համաչափ զարգացման հռչակված սկզբունքին։
– Իմ քայլը իշխող խմբակցությունը, որը ժամանակին ասում էր, թե իրենք իրենց մեջ ընդդիմություն կարող են լինել, արդյո՞ք խմբակցության ներսում հակակշիռների ու զսպումների մեխանիզմ կիրառում են։
– Հիմնականում բոլոր առանցքային և ոչ առանցքային նախագծերը քվեարկվում են միահամուռ կերպով։ Միայն մի դեպք կարող եմ մտաբերել, երբ համատարած դժգոհության արդյունքում քաղաքապետը հետ կանչեց հաստիքացուցակների նոր նախագիծը, որը, անշուշտ, հնից էլ վատն էր, և իշխող խմբակցության ներկայացուցիչները շտապեցին հիշեցնել իրենց ներքին ընդդիմության մասին։ Շատ կարճ ժամանակ անց նույն նախագիծը, առանց աշխատավարձերի բարձրացման բաղադրիչի, վերադարձավ ավագանու նիստ և մեծամասնության կողմից արժանացավ հավանության, ինչի արդյունքում էլ ավելի ուռճացվեց հաստիքացուցակը, իսկ աշխատակազմը մնաց՝ սպասելով աշխատավարձերի բարձրացմանը։
Ընդդիմության էական ներկայացվածությունն անհրաժեշտություն է, և հստակ կարող ենք ասել, որ այսպիսի փոքրաթիվ ներկայացվածությունը նախընտրական շրջանում վարչապետի քաղաքական մանիպուլյացիայի հետևանքն է, որն ուշ թե շուտ պետք է շտկվի՝ հանուն քաղաքի զարգացման։
– Նկատելի է, որ ավագանիում աշխատանքային բարենպաստ մթնոլորտի հետ կապված խնդիրներ կան, ինչո՞ւ չի հաջողվում համախմբված աշխատել Երևանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։
– Նախ կարծում եմ, որ «Իմ քայլի»՝ ավագանու անդամներից շատերը չեն հասցնում համատեղել իրենց նոր ստացած պաշտոններն ավագանու մանդատի հետ, որը երբեմն պատճառ է հանդիսանում ավագանու նիստերին քվորում ապահովելու համար։ Հանձնաժողովի նիստերը հաճախ անցկացվում են առանց աշխատակազմից զեկուցողների, ինչը նախորդ գումարման ավագանիում եզակի երևույթ էր։ Քաղաքապետն էլ որոշումներ կայացնելիս ավագանուն դիմում է եզակի դեպքերում, այն էլ՝ այնպիսի հարցերով, որոնք, ըստ իս, մասշտաբային չեն և պակաս էական են։
Մենք այսօր էլ պատրաստակամ ենք համախմբված ջանքերով աշխատել քաղաքի զարգացման համար, բայց երբ չկա ընդառաջ գալու պատրաստակամություն, չկա նաև դրանից բխող արդյունքը։
Առջևում 2020 թվականի բյուջեի քննարկումներն են, որից կհասկանանք, թե որքանով են հաշվի առնվել թույլ տրված բացթողումները։
Գոհար Սավզյան