
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
Ինչպես հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղությունները և գործառույթները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից: Պաշտպանը տեղեկացրել է աշխատակազմում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի ստեղժման մասին ու ընդգծել դրա կարևորությունը։
Քննարկվել է մարզային նոր ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրագործված մի շարք ծրագրերի արդյունավետությունը:
Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից և ձևավորված համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: