ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում ՀՀ-ում ծավալած գործունեության առնչությամբ. Փաշինյանը՝ Դաշնակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով ՀՅԴ ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Յակուբյան, հարգելի պարոն Իզմիրլյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հայ եղափոխական դաշնակցության գործունեությունը ընդհանրապես և նաև հայապահպանության գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետև, իհարկե, հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրվա հանգրվանին։ Այսօր մենք խոսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կա մի փոքր նյուանս, որ պետք է ավելացնել՝ հայապահպանություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլև պետք է արդեն զարգացման մասին մտածենք։
ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցության հետ, միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետև այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել և միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, որպեսզի այս շփումները շարունակվեն և նոր իմաստ ստանան։
Չեմ թաքցրել և կարծում եմ, որ ՀՅԴ-ն նաև պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ, նկատի ունեմ որպես իշխող կոալիցիայի անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և գործունեության համար»։
ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Յակուբյանը, հանդիպման մասնակիցների անունից ողջունելով վարչապետին ԱՄՆ-ում, ասել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ իշխանության մեծարգո ներկայացուցիչներ, մեծարգո գլխավոր հյուպատոս, մեզ համար մեծ հպարտություն է Ձեզ այստեղ դիմավորելը։ Դաշնակցության, ինչպես նաև Ամերիկայի Արևմտյան ափի մեր կազմակերպության ներկայացուցիչների անունից Ձեզ բարի գալուստ ենք մաղթում։ Մեզ համար իսկապես նշանակություն ունի Ձեր ներկայությունն այստեղ, մանավանդ նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում մեր ժողովուրդն իսկապես հավաք, միահամուռ ձայն բարձրացրեց և այդ ձայնի մեջ բյուրեղացրեց այն տեսլականը, որ մեր կազմակերպության համար պայքարի առարկա է եղել 128 տարուց ավելի։ Այդ իմաստով նկատում և հաստատում ենք, որ այդ շարժումը, ամեն ինչից բացի, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս արթնացրեց՝ հույս, որ ժողովրդի վերապրելու համար անհետաձգելի էր և կարևոր։ Մենք դա գնահատում ենք, ինչպես նաև գնահատում ենք Ձեր՝ այդ իրականության խորհրդանիշը լինելը։ Մեզ համար այդ շարժումը ժողովրդին հավաքելու, մեր միասնականության կանչն ամրագրելու, մեր տեսլականները և ժողովրդի համահայկականությունը խարսխելու, արտահայտելու լավագույն արտացոլումներից էր։ Մեր հույսը և ակնկալիքն է, որ այդ համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, և հույս կունենանք, որ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից, սակայն միշտ օրենքի գերակայությունը գնահատելով և միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով»։
Համահայկականության օրակարգի ձևավորման և կյանքի կոչման համատեքստում վարչապետը և ՀՅԴ՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալացումը։ Ավետիք Իզմիրլյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդ, որի մեջ ընդգրկված են մի շարք կազմակերպություններ, և աշխատանք է տարվում կառույցում սփյուռքահայերի ներգրավվածության շրջանակը հնարավորինս ընդլայնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն ինչպես լավ հարթակ է Արևմտյան Ամերիկայում բնակվող և գործունեություն ծավալող հայերի իրավունքների պաշտպանության համար, այնպես էլ համազգային հարցերում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գործում առավելագույն ներդրում ունենալու համար։
Վարչապետ Փաշինյանը և ՀՅԴ կուսակցության՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների բնույթին և վերաիմաստավորմանը, համահայկականության օրակարգի ձևավորմանը, հայապահպանության, հեղափոխության ընթացքում կանանց ներգրավվածության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության զարգացման, դատական համակարգի բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի ամբողջական և լիարժեք մասնակցության ձևաչափին վերաբերող հարցեր։