
Իրանն առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո գործընկերների կոալիցիա ստեղծել Պարսից ծոցում

Իրանն առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո Պարսից ծոցում անվտանգության կոալիցիա ստեղծել Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաշեմին լրագրողների համրա տրված աշխատանքային նախաճաշի ընթացքում:
«Սկզբնապես Պարսից ծոցում անվտանգության այդ կոալիցիայի մեջ պետք է մտնեն Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Քուվեյթը եւ, հնարավոր է, Եմենը: Մենք դեմ չենք, որ դրա մեջ մտնի Եմենը, բայց այժմ պարզ չէ՝ ինչ է տեղի ունենում այնտեղ»,-ասել է նա: «Եվ ենթադրվում է, որ նրանք կփոխգործակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո»,-հավելել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: