«Մարզպետի հետ խոսել եմ, նա հերքել է միջադեպին իր մասնակցությունը». Հրաչյա Հակոբյանը՝ սպային դաժան ծեծի ենթարկելու միջադեպի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ սպայի ծեծի հայտնի միջադեպի հետ կապված՝ խմբակցությունում որևէ քննարկում չի եղել։
«Խիստ դատապարտում եմ այդ երևույթը, յուրաքանչյուր բռնություն, այդ աստիճանի դաժան ծեծ դատապարտում եմ։ Իրավապահներն ամբողջությամբ պետք է բացահայտեն գործը, և մեղավորները պետք է խիստ պատժվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։
Անդրադառնալով միջադեպին մարզպետի մասնակցությանը և հարցին՝ ինչո՞ւ նրա նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվում, պատգամավորն ասաց, որ մարզպետի հետ խոսել է, որն էլ հերքել է իր մասնակցությունը միջադեպին։
«Մնացածն իրավապահների գործն է»,- եզրափակեց Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների՝ ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ:
Զվարթ Խաչատրյան