
Իսրայելում վարչապետի թեկնածուները բավարար թվով ձայներ չեն հավաքել կառավարություն կազմելու համար

Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության վարչապետի թեկնածուներից ոչ մեկը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մոտ կուսակցությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների արդյունքներով չի ստացել իր օգտին պահանջվող պատգամավորական մեծամասնությունը:
Բենի Գանցի՝ «Կախոլ-Լավան» դաշինքի, որը սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենամեծ թվով մանդատները, առաջնորդի օգտին արտահայտվել են, բացի նրա դաշինքի պատգամավորներից, ձախ ուղղության «Ավոդա-Գենշեր» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Արաբական միացյալ ցուցակի 13 պատգամավորներից 10-ը: «Բալադ» կուսակցության անդամները, որը մտնում է արաբական կուսակցությունների դաշինքի մեջ, հետ են կանչել իրենց երեք ձայները:
Այսպիսով Գանցն իր օգտին նախապես ստացել է 54 պատգամավորների ձայները: Գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգտին արտահայտվել է 55 պատգամավոր. իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության, «Շաս» եւ «Տորայի հրեություն» կրոնական կուսակցությունների, ինչպես նաեւ «Յամինա» աջ կուսակցության ներկայացուցիչները: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը, որը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, հրաժարվել է պաշտպանել թեկնածուներից որեւիցե մեկին: Այժմ նախագահ Ռիվլինը պետք է որոշի, թե թեկնածուներից ում վրա դնի ապագա կոալիցիոն կառավարությունը կազմելու պարտականությունը, որը հենվի Կնեսետի պատգամավորների առնվազն 61 ձայնի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: