«Իշխանությունն այսօր չի վախենում նմանատիպ հայտարարություններից ու սպառնալիքներից». Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին
«Եվս մեկ անգամ հանրությունը հնարավորություն ունեցավ առանց որևէ պարզաբանում ներկայացնելու՝ հասկանալ, տեսնել, թե ինչո՞ւ Արթուր Վանեցյանը հեռացվեց պաշտոնից։ Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում արդեն քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ՝ նոր չէ ի հայտ եկել նրա մոտ, նա վաղուց է զբաղվել քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր նրա զբաղեցրած պաշտոնի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելում վարչապետի հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանն իր տված հարցազրույցում ասել էր.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։
Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու»։
Հրաչյա Հակոբյանը դժվարացավ ասել, թե ինչու Արթուր Վանեցյանին շնորհվեց գեներալի կոչում, եթե վերջինս վաղուց սկսել էր զբաղվել քաղաքականությամբ, միայն մեկ բան է հստակ, որ նրա հրաժարականն ուշացած չէր։
«Չեմ կարող ասել, թե ինչ է ակնարկում Արթուր Վանեցյանն իր խոսել-չխոսելու վերաբերյալ, հետևաբար՝ իր հայտարարությունը նույնպես խոսում է նրա մասին, որ, եթե նա իր սպայի ուսադիրներով աշխատել է այդ համակարգում, և կան այնպիսի բաներ, որոնք նա թաքցրել է, ապա տեղին էր նրան այդ պաշտոնից հեռացնելը։ Իշխանությունն այսօր չի վախենում նմանատիպ հայտարարություններից ու սպառնալիքներից։ Եթե Վանեցյանն ունի հայտարարություններ՝ թող դրանք անի, մենք կապրենք՝ կտեսնենք։ Ներեցեք, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նման պահվածքը հեռացվածի պահվածք է, այլ ոչ թե հրաժարական ներկայացրածի»,- շեշտեց պատգամավորը։
168.am-ի հարցին՝ մտավախություններ կա՞ն, որ Արթուր Վանեցյանը կմտնի քաղաքականություն և կդառնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Այստեղ Վանեցյանը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ հանրության կողմից նրա նկատմամբ վստահություն չկա, նա այդ վստահությունն ուներ, բայց նմանատիպ հայտարարություններից հետո՝ իր քաղաքական առաջնորդի հասցեին, վստահ եմ, որ լավ արձագանք չի գտնում հանրության շրջանում»։
Ինչ վերաբերում է Վանեցյանի այն խոսքին, որ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում, պատգամավորը նկատեց. «Ես էլ եմ ասում, ժամանակը ցույց կտա, կտեսնենք, ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում։ Կապրենք՝ կտեսնենք, թե այս ամենն ինչ հետևանքներ կունենա, և հանրությունը դա կտեսնի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան