«Եթե կա տեղեկատվություն, որը պետական գաղտնիք չի, Վանեցյանն այն պետք է հրապարակի». Մակունցը՝ Վանեցյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելես կատարած այցի ընթացքում անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը՝ նշել էր, որ Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, և այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։
«Հասկանում եք, չէ՞, դա ինչ է նշանակում, դա մոտավորապես կարող է նմանվել․․․ ես, իմիջիայլոց, չեմ իմացել, որ Վանեցյանի հայտարարությունը ծառայության կայքում է տեղադրվել, հետո հանվել է, բա պիտի շարունակեր մնա՞լ։ Ինձ թվացել էր, թե հրամանագիրը ստորագրվել է, նոր է եղել հայտարարությունը։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը, որովհետև նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասել էր վարչապետը։
Այս հայտարարությանը հետևեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ իր հրաժարականից հետո, վարչապետը շարունակում է մարդիկ ուղարկել իր մոտ, խնդրելով, որ որոշ ժամանակ լռի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ նշեց, որ հատկապես այն փոփոխություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը կամ ազատվելը, պետք է բնականոն երևույթ լինի, որտեղ ինքն աղմկահարույց որևէ բան չի տեսնում։
«Կարծում եմ՝ հենց այն աղմուկն է, որը հիմա կա՝ ազատման հետ կապված, տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ ինչ նկատի ուներ Արթուր Վանեցյանը՝ ասելով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հանկարծ ինքն էլ սկսի խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ թե՛ Կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն։
«Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը պետական գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,- շեշտեց Լիլիթ Մակունցը։
168.am-ի հարցին՝ նորմա՞լ է, երբ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը հեռացվել է պաշտոնական կայքից, Լիլիթ Մակունցը պատասխանեց.
«Անկեղծ, չեմ տեսել, թե ինչ է զետեղված եղել կայքում, չգիտեմ՝ ինչ տեքստի մասին է խոսքը, այնպես որ, թույլ տվեք դա չմեկնաբանել»։
Նա չմեկնաբանեց հարցը, թե հնարավո՞ր է համարում, որ Վանեցյանը կարող է մտնել քաղաքական դաշտ և իշխող ուժին լինել ընդդիմադիր, նշելով, որ հավելյալ մեկնաբանություն չի անի, և այն, ինչ պետք է ասեր, ասել է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան