«Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: Այդ հայտարարությունը ֆրանսիական պետության ղեկավարն արել է ինքնաթիռում՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։
«Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է»,-նրա խոսքը մեջբերում է Le Monde թերթը: «Դա սխալ է ինչպես հենց Իրանի, այնպես էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսակետից»,-ասել է Մակրոնը:
Միեւնույն ժամանակ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ով է հարված հասցրել սաուդյան նավթային օբյեկտներին, ասել է. «Հարկավոր է շատ զգույշ լինել նրանց վերաբերյալ հայտարարություններում՝ ովքեր են կանգնած հարվածների հետեւում: Ներկա դրությամբ որոշակի պատկերացումներ գոյություն ունեն այդ մասին, սակայն չպետք է մոռանալ, որ այդ ռմբակոծությունը նոր տեսակի ռազմական ակտ է: Այն փոխում է բուն էկոհամակարգը, որտեղ գտնվում է տարածաշրջանը, ստեղծում է նոր իրադրության պարամետրեր»,-կարծում է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնը նշել է, որ պահպանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրանական միջուկային խնդրի շուրջ առաջընթացի հասնելու հույսերը: «Նյու Յորքում մեր առջեւ կարեւոր խնդիր է ծառացած: Ճգնաժամի երկու մասնակիցներն այնտեղ ներկա են լինելու: Բայց եթե մեզ մոտ այդպիսով պահպանվել է տեղի միասնությունը, ապա գործողությունների միասնությունը պահպանվել է ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ինչ-որ (դրական բան) տեղի կունենա»,-կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: