«Առաջինն ինչո՞ւ չկա». Հակոբ Ավետիքյանը և Գառնիկ Իսագուլյանը` վարչապետի՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված հայտարարությունների մասին
Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երկրորդ և Երրորդ նախագահների ունեցվածքին՝ մասնավորապես նշելով, որ կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է. «98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»:
Թեմային անդրադառնալով` Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը չցանկացավ մեկնաբանություններ հնչեցնել, միայն հարցադրումներ ուղղեց, մասնավորապես, թե ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահի մասին չի խոսել վարչապետը, և ինչպե՞ս է առանց գովազդների նա պահել իր թերթը.
«Առաջինն ինչո՞ւ չկա: Երկրորդ՝ ինչպե՞ս է իր թերթը պահել պարոն Նիկոլ Փաշինյանը. մի թերթ, որտեղ, բացառություն այս մեկ տարին, առևտրային գովազդ չկա. Ես այդ ասպարեզում եմ 28 տարուց ավելի, և թերթի եկամուտների 45 տոկոսը գովազդից է: Դուք բացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի էջերը, ոչ մի գովազդի չես հանդիպի: Ինչպե՞ս գոյատևեց: Թող այդ մասին էլ բացատրություններ տա, վերադարձնի այն, ինչ որ ստացել է այս կամ այն կերպ, պատվերներով…:
Ես չեմ առարկում, բայց մինչև վերջ գնա՝ առաջին հերթին՝ բացելով այն, ինչ դու ես ունեցել և հիմա ունես»:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով հայտարարությանը, մասնավորապես՝ Երկրորդ նախագահի առնչությամբ՝ նշեց. «Ամոթ է, պետություն եք: Տարի ու կես է՝ պետք է պարզած լինեիք՝ որտեղ ինչ ունի:
Այսինքն՝ էդ մարդն իրավունք չունե՞ր 98 թվականից հետո… Նիկոլը կարար թերթ ունենար՝ լինելով գյուղից քաղաք եկած մի հատ տղա, աշխատող պահեր, երկրի նախագահի տղան իրավունք չունե՞ր բիզնես ունենալ: Է՞ս ինչ հոգեբանություն է, ի՞նչ տրամաբանություն է: Ուրեմն՝ մի հատ կոմիկ կարող է ինչ-որ տեղ տներ ունենալ, իսկ Սիրուշոն, որ երգչուհի է, իրավունք չունի՞ ունենալու: Վարչապետը ո՞նց կարող էդպես մտածի»:
Զարուհի Դիլանյան